Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել. Սաակաշվիլին անդրադարձել է Փաշինյանին. aliq.ge

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Այսպիսի իրավիճակ տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծագույն կառավարչից հետո: Չի եղել ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչի համար է պետք Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։

Նա բաղդատում է իր ու Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի տարբերությունը ու փաստում է, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի առումով կազմում էր 1000 դոլար, իսկ նրա ղեկավարման տարիներին այն քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Նրա խոսքով, եթե 2012 թվականին Վրաստանում իշխանափոխություն չլիներ, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակին: Նախկին նախագահի խոսքով, իրենից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել և հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իր կառավարման տարիներին:

«Այսօր, երբ հարցնում են Վրաստանը ինչ պետություն է, կասենք Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Համեմատեք ինչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *