«Եղել են պահեր, երբ չեմ կարողացել զսպել արցունքներս բեմում». «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարությունը իր նոր երազանքի մասին

«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը սիրվեց ու հուզեց բազմաթիվ հանդիսատեսների: Նախագծի ավարտից հետո երգչի համար նոր հորիզոններ են բացվել:

«Նախագծից հետո զանազան երգահանների կողմից ստեղծագործություններ կատարելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել: Այդ առաջարկները ընդունելու համար պետք է խորհրդակցեմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, բացի այդ՝ նախատեսվում է համերգ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այս ամենի մասին կկարողանամ ասել ավելի ուշ»:

Տարիներ շարունակ սովորելով ու որոշ չափով անցնելով երաժշտական այդ բարդ ճանապարհը՝ Հարությունը նշում է, որ հեղինակային երգեր կատարելու ցանկություն միշտ է ունեցել. «Ես մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում հեղինակային երգեր կատարելուն, սակայն որոշակի խնդիրների պատճառով չեմ կարողացել իրականացնել իմ երազանքը: «Ազգային երգիչ» նախագծին մասնակցելով, շփվելով պրոֆեսիոնալ երաժիշտների, պրոդյուսերների հետ՝ ձեռք բերեցի շատ ավելի շատ գիտելիքներ ու փորձ, որոնք ինձ այժմ թույլ են տալիս ներկայացնել իմ հանդիսատեսին հեղինակային երգեր ու տեսահոլովակներ: Հուսով եմ՝ մոտ ապագայում այս երազանքս կիրականանա»:

Հարությունը նշում է, որ նախագծում կատարած ամբողջ երգերը շատ հոգեհարազատ էին, բայց Սասուն Պասկևիչյանի «Մայրս», Ալեքսեյ Հեքիմյանի «Իմ Անին» և Սայաթ-Նովայի «Դուն իմ գլխին» ստեղծագործություններն յուրահատուկ էին. «Շատ են ինձ ասել, որ Սասուն Պասկևիչյանի «Մայրս» ստեղծագործությունը եղել է իմ հաջողության գրավականը»:

Երգչի կատարումները գրեթե միշտ հուզում էին հանդիսատեսին, ինքն էլ անկեղծանում է. «Դեպքեր են եղել, երբ ինքս էլ չեմ կարողացել զսպեմ արցունքներս բեմում: Իմ կարծիքով արտիստը պետք է լինի անկեղծ մարդ թե՛ բեմում և թե՛ կյանքում: Ինձ համար արտիստի ամենաբարձր հատկանիշը շատ լավ մարդ լինելն է»:

Այն հարցին,թե շարունակելո՞ւ է կատարել ազգային երգեր, թե՞ ժանրային փոփոխություններ էլ կլինեն, Հարությունը պատասխանեց․ «Ինձ համար առաջնային են մեր ազգային երգերը և ոգին: Հետագայում միգուցե ներկայանամ նաև բազում այլ ոճերում: Իսկ իմ ստեղծագործական ճանապարհը պատկերացնում եմ մաքրամաքուր, հայեցի և ժամանակակից: Ես խնդրում եմ Աստծուն, որ նա ինձ միշտ օգնի գտնել աշխարհում այն ամենը, ինչը նախատեսված է ինձ համար ի վերուստ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *