Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի աչքերին այսքան տարի թոզ է փչել. Զարեհ Սինանյան

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի աչքերին այսքան տարի թոզ է փչել։ Սփյուռքի գործերով հանձնակատար, սփյուռքահայ Զարեհ Սինանյանը, որը ժամանակին՝ որպես Գլենդելի քաղաքապետ, շփվում էր սփյուռքի նախարարության հետ, կարծում է, որ առաջ սփյուռքի նախարարությունն ու անձամբ նախարարը արդյունավետորեն կապ չեն ստեղծել Սփյուռքի հետ։

Հրապարակի օրաթերթի հետ զրույցում Սինանյանը նշեց, որ ըստ իրեն՝ ավելի թոզ են փչել սփյուռքահայերի աչքերին։ Ուրեմն հիմա ավելի լավ է Հայաստան-Սփյուռք կապի որակը, քան առաջ։ Բայց մի աբսուրդային, կարելի է ասել՝ տարօրինակ փաստ կա․ Հրանուշ Հակոբյանի ղեկավարած նախարարությունն ունեցել է ավելի շատ աշխատակից, բայց ավելի փոքր բյուջե, քան Սինանյանի կառավարած գրասենյակը, որը մոտավորապես հիսունով կրճատել է աշխատակիցների թիվը, բայց հարյուր մլն դրամով լրացրել բյուջեն։

Թե որտեղ է ծախսվում այդ լրացուցիչ հարյուր մլն դրամը, եւ որտեղ են երեւում քիչ աշխատակազմով մեծ բյուջե ունենալու տրամաբանությունն ու արդյունավետությունը, Սինանյանից այդպես էլ հստակ պատասխան չստացանք։ «Մեր աշխատակազմը հիմա կրճատվել է մինչեւ հիսուներկու անձ, նախկինում իննսունի չափ էր, իսկ բյուջեն մեծացել է հարյուր մլն դրամով»,- ասաց Սինանյանը։

– Իսկ ո՞րն է արդյունավետությունը, եթե աշխատակազմը կրճատվել է,իսկ բյուջեն՝ ավելացել․․․ տրամաբանությանը հակասում է կարծես թե։

– Իրականում չի հակասում, որովհետեւ ծրագրերի ծավալը մեծացել է,ու աշխատանքի որակն է բարելավվել։

– Փաստորեն, զուտ բյուջեի առումով նախորդ կառավարության ժամանակ, երբ սփյուռքի նախարարություն էր, ոչ թե գրասենյակ, ավելի տնտեսող էր ու քիչ բեռ էր առաջացնում բյուջեի վրա, քան հիմա, երբ փոքր մարմին է։

– Դա սուբյեկտիվ մեկնաբանություն է ու իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ տնտեսող էր, եթե այնտեղ իննսունից ավել մարդ էին պահում, բայց անարդյունավետ էին աշխատում։

– Դուք էլ քիչ մարդ եք պահում, սակայն շատ ծախսում։

– Այո, որովհետեւ մենք շատ մեծ ծրագրերի ծավալ ունենք։

– Ի՞նչ ծրագրեր, օրինակ։

– Սկսած Սփյուռքի քարտեզագրումից, որը թանկ ու ծավալուն ծրագիր է։ Դա ինքնին մեծ ազդեցություն է ունենում բյուջեի վրա, վերջացրած նրանով, որ երեք համաժողով ենք կազմակերպելու մյուս տարի։

– Նախորդ նախարարությունն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանը վա՞տ են աշխատել, նրա աշխատանքում ինչ-որ բացասական փաստեր հայտնաբերե՞լ եք՝ կոռուպցիոն ռիսկեր, գաղթօջախների հետ հարաբերությունների վատթարացում։

– Ուրեմն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները մինչ օրս եղել են շատ ցածր մակարդակի վրա, եւ չեմ կարող ասել, որ հիմա շատ բարձր մակարդակի վրա են, որովհետեւ մենք հիմա նոր ենք սկսում արմատական աշխատանք տանել այդ հարաբերությունները բարելավելու իմաստով։ Ես չեմ ուզում ասել, որ դա նախարարության աշխատանքի վատ հետեւանք է, դա ընդհանրապես Հայաստանի էդ անօրեն, կոռումպացված եւ սխալ ուղղությամբ շարժվող պետություն լինելու եւ, ընդհանրապես, Սփյուռքում վակուում ստեղծելու հետեւանքն էր։ Հետեւաբար, այդ հարաբերությունները․․․ ես չեմ ուզում մեղքը բարդեն նախարարության վրա, նախարարությանը տվել են ինչ-որ հանձնարարական, ասել են՝ սա է ձեր նպատակը, այն է, որ հիմնականում կարող եմ մի քանի բառով ներկայացնել որպես Սփյուռքի աչքերին թոզ փչել, եւ փչել են։

– Դուք էլ եք Սփյուռքի ներկայացուցիչ, Ձեր աչքերին է՞լ են թոզ փչել։ Հրանուշ Հակոբյանը Ձեր աչքերին թո՞զ էր փչում, երբ այցելում էր ԱՄՆ։

– Հրանուշ Հակոբյանն ԱՄՆ արեւմտյան ափ պաշտոնական հավանաբար 1 այց է ունեցել, երբ որ նոր էին նրան նշանակել։ Մի անգամ մասնակցել եմ այդ հանդիպմանը արեւմտյան ափում եւ շատ թերահավատորեն եմ մոտեցել այն ծրագրերին, որոնք ներկայացվել են, մի անգամ էլ՝ որպես Գլենդելի քաղաքապետ, հանդիպել եմ այստեղ՝ Երեւանում։ Իսկ կոռուպցիայի մասով ես չեմ կարող պատասխանել, ես նման հարցերի մեջ չեմ խառնվում։

– Հիմա նա թո՞զ էր փչում Ձեր եւ Սփյուռքի աչքերին։

– Դե, ամբողջ համակարգն էր թոզ փչում, ամեն ինչ հիմնված էր կեղծիքի վրա։

– Լավ, հիմա ի՞նչ առաքելություն է դրված Ձեր ուսերին՝ որպես հանձնակատարի, ներդրումնե՞ր բերել Սփյուռքից, թե՞ վերադարձնել սփյուռքահայերին հայրենիք․․․

– Գլոբալ իմաստով՝ առաքելությունը հետեւյալն է․ բարելավել Հայաստան-Սփյուռք հարաբերությունը եւ մաքսիմում ինտեգրել Սփյուռքը Հայաստանի հետ։

– Սկսե՞լ եք արդեն այդ աշխատանքները, ստացվո՞ւմ է, արդյունք կա՞։

– Սկսել ենք, բայց գիտե՞ք՝ կարծել, որ վեց ամսվա մեջ կարելի է Սփյուռքը բուժել եւ ինտեգրել Հայաստանի հետ, պարզապես միամտություն է։ Այդ անջրպետը բավականին խորն է, բացի դրանից, խոչընդոտները շատ եւ շատ են, ուստի շատ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի մենք էդ կետին հասնենք։ Ընդհանրապես, Հայաստանում շատ են սիրում շատ բարդ հարցերը կարծել, որ մի վայրկյանոմ պիտի լուծվի։ Չկա նման բան։ Բայց ես չավարտեցի․ առաջինը, ինչպես ասացի, Սփյուռքի ինտեգրումն է Հայաստանին, երկրորդը ներգաղթի խթանումն է, որի համար պետք է բավականին լուրջ նախադրյալներ ստեղծել։

– Այսինքն՝ սփյուռքի հանձնակատարի առաքելությունը պետք է լինի այն, որ Սփյուռքն ամրապնդի՞, թե՞ հակառակը՝ վերացնի Սփյուռքն ընդհանրապես։

– Ձեր հարցի մեջ սխալ կանխավարկած կա, որ հայրենադարձություն ապահովել՝ նշանակում է վերացնել Սփյուռքը։ Դա ամենեւին այդպես չէ։ Ես կարող եմ օրինակ բերել հրեական սփյուռքը, որ Իսրայելի ստեղծումից հետո անընդհատ դատարկվում է կարծես, բայց արի ու տես, որ իրենց սփյուռքյան համայնքները չեն թուլանում։ Այսինքն՝ բացարձակ այդպես չէ։ Ընդհակառակը, ունենալով ուժեղ պետություն՝ ամրացնելու ենք Սփյուռքը։ Մենք Սփյուռքում ունենք կրիտիկական մասսա, որը բավարար է ե՛ւ համայնքները պահելու, ե՛ւ Հայաստան հայրենադարձվելու համար։ Կարծել, որ բոլորը վերադառնալու են Հայաստան, դա էլ միամտություն է։

– Ոգեւորվա՞ծ են մեր Սփյուռքի հայրենակիցները հայաստանյան իրադարձություններով, հեղափոխական կառավարությամբ, վարչապետով, ուզո՞ւմ են վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել։

– Այո, ոգեւորված են։ Բայց, գիտե՞ք, ոգեւորված լինելը եւ Հայաստան վերադառնալը ուրիշ բաներ են, բայց պատասխանեմ։ Ուրեմն, մարդիկ ոգեւորված են, մարդիկ հետաքրքրված են Հայաստանով, մարդիկ շատ ավելի շատ են այցելում Հայաստան, մարդիկ շատ ավելի շատ են մտածում Հայաստանում ներդրումներ անելու կամ Հայաստան վերադառնալու մասին, բայց դա այն հսկայածավալ ներգաղթը չէ, որի մասին մենք խոսում ենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *