Վարչապետը հայտարարեց. պայմանագրի վախճանը

Չենք տալու հայերի բնաջնջնման եւ բռնագաղթեցման նոր փորձի հնարավորություն, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվում հազար ինը հարյուր իննսուն թվականի հայկական ջարդերի երեսուներորդ տարելիցի առիթով: «Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ամբողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ամբողջո ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության ու հանգիստ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնական Երեւանը կիրառում է հետաքրքիր բառակապակցություն՝ «պատմական հայրենիք», ընդգծելով այդ թվում՝ Արցախը: Իսկ է՞լ ինչը նկատի ունի Երեւանը «պատմական հայրենիք» եզրը կիրառելով, որը վերջին շաբաթներին գործնականում անում է արդեն երկրորդ անգամ:

Վերջերս Հայաստանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայկական ջարդերի հարուերորդ տարելիցի առնչությամբ: ԱԳՆ հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ այս ողբերգությանը Հայաստանը կարծես թե նախկինում չի արել այդ մակարդակով անդրադարձ: Հայտարարության մեջ հիշատակելով Նախիջեւանի հայաթափումը, պաշտոնական Երեւանը վերհաստատում էր «պատմական հայրենիքում» ապրելու ու զարգանալու հայ ժողովրդի կամքը, այդ թվում եւ այդօրինակ հայափաթումներից ու ջարդերից պաշտպանված լինելու համար:

«Պատմական հայրենիքը» կիրառվում է նաեւ Բաքվի ջադերի տարելիցի առիթով վարչապետ Փաշինյանի հայտարարության մեջ: Ընդ որում հատկանշական է, որ Արցախի առումով նշվում է՝ «այդ թվում»: Ըստ այդմ, պետք է եզրակացնել, որ «պատմական հայրենիք» եզրը գործածվում է ոչ միայն Արցախը ներառյալ: Եվ թերեւս, այն չի կարող սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանով, քանի որ դա ներկայիս հայրենիքին է, հայկական պետականության ներկայիս սահմանը: Ենթադրվում է, որ «պատմական հայրենիք» եզրը գործածվում է առավել ընդգրկուն հռետորաբանությամբ եւ տողատակով, ինչի վկայությունն է նաեւ սրա օգտագործումը Նախիջեւանում ջարդերի մասին ԱԳՆ հայտարարության համատեքստում:

Այդպիսով, Երեւանը գործնականում խոսում է հայկական իրավունքի մասին, առայժմ իհարկե առանց դրա ծավալն ամբողջացնելու: Միաժամանակ, այդ իրավունքի իրավաքաղաքական ու ռազմաքաղաքական ազդեցության արդյունավետությունը էապես պայմանավորված է լինելու, թե ինչ դինամիկա է կրելու իրավունքի ծավալի ամբողջացման եւ առարկայացման գործընթացը կամ, այլ կերպ ասած՝ «պատմական հայրենիք» հասկացության իրավաքաղաքական ձեւակերպումն և փաթեթավորւմն իբրեւ հայկական պետական, արտաքին, անվտանգային քաղաքականության առանցքային բաղադրիչ ու գործիքակազմ: Այդ հայրենիքը ընդգրկում է Նախիջեւանն ու Կարսը եւ Արարատը՝ հայերի արյան ու անվտանգության հաշվին կնքված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը, կամ այլ կերպ ասած՝ հայերի ֆիզիկական ու սուբյեկտային բնաջնջման պայմանագիրը:

Վերջին հաշվով, համաշխարհային քաղաքականության մեջ բնաջնջման ողբերգական իրողությունների առանցքային շարժառիթներն ու պատճառներն ընկած են լինում նաեւ այնտեղ, երբ միջազգային հարաբերությունների որեւէ սուբյեկտ թերանում է իր դերի եւ հնարավորության ներուժի իրացման ու ամբողջացման հարցում: Ի վերջո, դա առաջացնում է միջազգային հարաբերության ու անվտանգության վակուում, որն անկասկած լցվում է այլ ներուժով՝ անգամ մեծ ողբերգության գնով:

Այդ իմաստով, Հայաստանն անում է կարեւոր քայլը՝ հայտարարում է իր համաշխարհային դերի, կամ ինչպես պաշտպանության նախարարի տոնական ուղերձում էր խոսվում՝ «խրամատային պաշտպանության» կորստաբեր մոտեցումից դերային պրոգրեսիվության անցնելու մասին: Դա է բնաջնջում եւ գաղթեցում թույլ չտալու նվազագույն գրավականը, անշուշտ իրավունքի եւ դերի շրջանակը ամբողջացնելու եւ այն սպասարկելու կարողության ու կամքի դրսեւորումով: Հայաստանն ունի այդ պատմական հնարավորությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *