ԱԺ պատգամավորը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եւս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին: Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, բայցառանձին դրույթների, մոտեցումների ու մեխանիզմների հետ կապված ունեմ մի քանի հարցադրումներ:

1.Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով ընդունվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը.

2)այդ հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.

4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավական հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

2.Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ինչ գույք ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են մեկ ք.մ. մեկից-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ քսանհինգ մլն. դրամով այսօր հնարավոր չէ գնել նույնիսկ մեկ սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում, սակայն կարելի է գնել առնվազն մեկ սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն երկու սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում:

Քսանհինգ մլն-ից թանկ արժե տնամերձ հողամասը Երևանում և բազմաթիվ այլ համայնքներում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին և այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երևանի և ոչ միայն Երևանի հարյուր հազարավոր բնակիչներ: Արդյոք պե՞տք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը:

3.Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 50 հանցագործությունների շարքում կան նաև այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը և այլն: Դրանց դեռ կանդրադառնամ:

4.Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ սնանկացումը, այսինքն կարելի է պետության և թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած ինչ-որ գումարից ավելի առանց հայտարարագրելու Հայաստան բերելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:

5.ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 3 մլրդ. դոլլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաև հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:

6.Հիմա, օրինակ, որևէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք և հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը: Կամ եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որևէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը: Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը:

7.Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ սկզբում քչերն էին, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:

8.Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որը ի դեպ հրապարակային չէ, Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:

9.Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, թե ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչպիսի տեղեկություններ են դրանք: Եվ ինչպե՞ս է բողոքարկվելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *