24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լյարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ։ Այս հուզիչ իրականության մասին պատմում են Աստղիկ Բժկական կենտորնից։
Ամանորի ամենամեծ նվերը՝ հիվանդասենյակում: Իհարկե, ծաղիկներն ու քաղցրը չէ, այլ հետ վերադարձված կյանքը:
24 տարեկան աղջկա համար այստեղից սկսվում է ոչ միայն նոր տարին, այլև նոր՝ վերագտած կյանքը: Նա կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկ երեխան կշարունակի մայր ունենալ՝ շնորհիվ մորաքրոջ լյարդի մի մասի և Աստղիկ բժշկական կենտրոնի մասնագիտական խմբի, ովքեր իրականացրեցին Անահիտի լյարդի փոխպատվաստումը՝ երկրորդ նման վիրահատությունը Աստղիկ բժշկական կենտրոնում ու Հայաստանում. կենդանի դոնորից՝ չափահաս ռեցիպիենտին:
Վիրահատությունը կատարվեց դեկտեմբերի տասնչորսին, բժիշկների թիմը վիրահատարանում անցկացրեց ութ ու կես ժամ: Լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը հաջողությամբ կատարած նույն բժիշկներն էին՝
Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի ու վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնացծու, դոցենտ Արայիկ Ոսկանյանի գլխավորությամբ:
Վիրահատությանն աջակցելու համար Աստղիկ բժշկական կենտրոն էր ժամանել նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը։
Հենց առաջին վիրահատության մասին տեղեկությունն էլ փոխեց Անահիտի ճակատագիրը: Այն, որ ինքը լյարդի ցիռոզ ունի, գիտեր ավելի քան 2 տարի: Կյանքը փրկելու միակ միջոցը լյարդի փոխպատվաստումն էր։
Մի քանի ամիս առաջ լսեցին ամենասպասված լուրը՝ Հայաստանում կատարում են լյարդի փոխպատվաստում: Մնացածն արդեն կազմակերպվեց Աստղիկ բկ-ում, որը լիարժեք պատրաստ էր բարձրակարգ վիրահատության ու անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար: Անահիտի համար դոնոր դարձավ քույրը՝ Գայանեն, ում ևս տանը սպասում են իր երկու փոքրիկ երեխաները:
Թանկարժեք ու մարդկային կյանք փրկող այս վիրահատության համար այստեղ չեն խնայում ոչինչ՝ ոչ սեփական միջոցները, ոչ բժշկի ջանքերը, ոչ էլ մարդկային սովորական, բայց շատ կարևոր վերաբերմունքը: Ամանորի հրաշքը գուցե հենց սա է․․․»։