Եթե մերոնք լուրջ են մոտենում իրենց ու իրենց պաշտոններին, պետք է չվարկաբեկեն իրենց, իրենց զարմիկներին

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, Հայկական ժամանակ թերթում հոդված գրվեց, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը համակարգվում ու ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Դրանից հետո հեռակա բանավեճ ծավալվեց Վանեցյանի ու Մարիամ Փաշինյանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։

Ես կուզենայի, որ սա լիներ ընդամենը չար կամ անհաջող կատակ։ Ընդհանրապես, նախկին ԱԱԾ-ական չկա, եթե 1 անգամ երդվեց, արդեն երդման տակ է՝ ծառայել հայրենիքին։ Խոսքս ԱԱԾ-ի մասին է, ոչ թե ԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի։ Հայաստանի ողջ զինվորականները երդվել են ծառայել հայրենիքին անձնվիրաբար, ու եթե դրժեն իրենց երդումը, պետք է պատժվեն։ Ուզում եմ հասկանալ, թե դա լուրջ է, ապա շատ խիստ պետական հանցանքի, երդումը դրժելու մասին հայտարարություն է։ Ուրեմն օրենքի ուժով պետք է աշխատեն ողջ իրավապահ մարմինները։ Իսկ եթե լուրջ չէ, այսինքն՝ այդպիսի բան չկա, մարդը հավատարիմ է իր երդմանը, չի դավաճանում հայրենիքին ու իր ուսադիրներին, իր կոչմանը, ուրեմն հարկավոր է սրան մատների արանքից նայել։ Պետք է սա հերթական ֆեյքը կամ տրոլը, կամ զրպարտությունը համարել ու ուշադրություն չդարձնել։

Բայց ես մտածում եմ, որ ընդհանրապես, պետք է մենք զատենք անձը ու նրա հանրային կարգավիճակը։ ԱԱԾ-ի նախկին գեներալը միայն անձնավորություն չի։ Ասենք, Արթուրը ինչ-որ գրառումներ է անում իր օրագրում, դա իր անձնական գործն է, մենք անձնական կյանքի մեջ չենք խորանում։ Ճիշտ նույն ձևով ՀՀ բարձր պաշտոնյաները, գեներալները, նախարարները, պատգամավորները, նախագահը, դատավորները, նրանց ընտանիքի անդամները, նրանք բոլորը ինչ-որ չափով նաև Հայաստանն են ներկայացնում։ Որևէ Գոնսալես չի կարող հենց այնպես Գոնսալես լինի, նա ինչ-որ մեկի զարմիկն է։ Իսկ դա նշանակում է վարկաբեկել այդ ինչ-որ մեկին։ Հիմա ուզում եմ ասել, որ եթե մերոնք լուրջ են մոտենում իրենց ու իրենց պաշտոններին, պետք է չվարկաբեկեն իրենց, իրենց զարմիկներին։ Այսինքն՝ բոլորս պետք է պատվով կրենք ՀՀ քաղաքացու կարգավիճակը, պատասխանատվություն կրենք մեր արարքների, հայտարարությունների համար։

Խորհրդային Միության ժամանակ դա շատ տարածված է, որ երբ դուրս էինք գալիս Խորհրդային Հայաստանի սահմաններից, մենք ասում էինք, որ մեզանով սրանք դատելու են հայ մարդու մասին, ու մեզ ավելի զուսպ, խոհեմ էինք պահում։ Մենք ուզում էինք, որ դրսում լավ կարծիք ունենան հայ մարդու մասին։ Այդպես պետք է լինի գեներալը, նաև բարձր պաշտոնյաների հարազատները, այդ թվում նաև վարչապետի հարազատները՝ դուստրեր, զարմիկներ և այլն։ Նրանք բոլորը պետք է իմանան, որ իրենք միայն սովորական անձնավորություն չեն։ Հիմա օրինակ, Անգլիայի թագուհին հրավիրել է իր թոռանն ու բացատրություն է պահանջում, որովհետև նա հրաժարվել է արարողակարգային թագավորական պարտականություններից։ Թագուհին ասում է՝ ո՞նց կարող ես հրաժարվել, բա քո ծագո՞ւմը, դու սովորական բրիտանացի չես, քո երակների մեջ հոսում է արքայական արյուն։ Ուրեմն պետք է տարանջատենք, եթե նա սովորական անձ է, ուսադիր չունի, պաշտոն չունի, ծագում չունի, ինչ ուզում անում է։

Կարո՞ղ ենք ասել, որ կադրերի հարցում իշխանությունը սխալվել է, այս թվում՝ ԱԱԾ տնօրենի նշանակման հարցում։

Այո, սխալվել է։ Ոչ թե իշխանությունն է սխալվել, այլ պետք է տեսնել, թե ով է կադրեր ընտրել, ով է միջնորդել, ով է երաշխավորել։ Կոնկրետ անձնավորություններ կան, որ մատուցում են կադրերի։ Այդ անձինք պետք է պատժվեն։ Եթե վարչապետն ինքն է անձամբ հրավիրել, ուրեմն ինքը պետք է ներողություն խնդրի սխալվելու համար, իսկ եթե ուրիշն է ներկայացրել, նա պետք է պատժվի։ Վերջին հաշվով, մենք պետք է դրան հասնենք, որ լավ, բարեխիղճ պաշտոնյաներով հպարտանան, իսկ վատերի համար ներողություն խնդրեն ու պատժվեն, որպեսզի դաս լինի, որ որևէ մեկն իր զարմիկին, իր սանիկին պաշտոնի չմղի, իմանա, որ նրա ձախողման հետևանքով ինքը պատասխանատվության է ենթարկվելու։ Կարող է այդ պատասխանատվությունը լինել նաև բարոյական։ Հասարակական պարսավանքի պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք երաշխավորել են, միջնորդնել են այդ պաշտոնյաների համար։ Եթե միջնորդեցիր, ձախողվեց, դու հավասար չափով պատասխանատու ես այդ ձախողման համար, դու ես նաև ձախողվել։ Դրա համար, ես կարծում եմ, որ նրանք, որոնք կադրեր են ընտրում, նշանակում, իսկ դրանով նման բարձր պաշտոնների դեպքում զբաղվում են կուսակցությունները, նրանք պետք է պատասխանատվություն կրեն։

Արթուր Վանեցյանը հերքեց այդ հոդվածում իրեն մեղասգրվող արարքները, ապա նաև հեռակա բանավեճ եղավ նրա ու Մարիամ Փաշինյանի միջև։

Եթե ինքը հայտ է ներկայացրել քաղաքական գործիչ դառնալու, քաղաքական կուսակցության գործիչ է, ուրեմն մենք նրանից պետք է սպասենք քաղաքական գործչին վայել վարքագիծ։ Այսինքն՝ նա կարող է նաև զրպարտել, դա ընդունված է քաղաքականության մեջ, կարող է հերյուրանքներ տարածել, կարող է ռաբիս լինել, կարող է հայհոյել։ Մեզ մոտ քաղաքական գործիչներն իրենց անպարկեշտ պահելու մշակույթ ունեն։ Կարող է նաև քաղաքական պարկեշտություն ունենալ, բարձր կուլտուրայի օրինակ լինել։ Բայց եթե ինքը շարունակում է մնալ գեներալ, ԱԱԾ ռեզերվում, ուրեմն պետք է իր լեզուն շատ չաշխատացնի, բերանը փակ պահի։ Նրանք հարցեր տվողն են, ոչ թե պատասխաններ տվող, նրանք բացատրություններ չեն տալիս, բացատրություններ ստանում են։ Արթուր Վանեցյանի մասնագիտությունը հարցեր տալն է և լռելը։ Հեգնել կամ պատասխան տալը ո՞րն է։

Ես կարծում եմ, որ նա կոպիտ սխալ է արել, եթե մասնակից չի որևէ դավադրության։ Նախ պետք է ինքն իրեն ճիշտ պահի, որպեսզի այդպիսի կասկած երբեք չլինի։ Մեր ներկա եւ նախկին զինվորականները պետք է իրենց շատ կոռեկտ պահեն, բայց եթե ինքն իրեն այդպես է պահում, ապա պետք է ներողություն խնդրի, ասի՝ եթե իմ գործողություններով կասկածի առիթ եմ տվել, ներողություն եմ խնդրում այդ օրիորդից։ Զինվորականն ասպետ է, չէ՞։ Նա պետք է ասի, որ ես իմ վարքագծով ճիշտ չեմ պահել ինձ՝ անկախ նրանից, ինքն այդպես իրեն պահել է, թե չի պահել։ Անկախ նրանից, ինքը դա արել է, թե չի արել, եթե կա կասկած, պետք է ներողություն խնդրի, որովհետև առիթ է տվել կասկածի։ Պետք է ներողություն խնդրի ու հետ քաշվի, մտնի իր թիկնոցի, իր շլյապայի, իր դաշույնի արանքը։ Չեկիստն ո՞վ է, դա թիկնոցն է, դաշույնը, շլյապան, ակնոցն ու ծխամորճը։ Իսկ եթե մտնում է քաղաքականություն ու այդ ինտրիգներով է մտնում, թող հայտարարի, որ մենք էլ իմանանք։ Նա հիմա հարվածի տակ է դնում իր բոլոր նախկին կոլեգաներին։ Ամբողջ երկրներում կա սպաների ընկերական բարեվարքության խորհուրդ, և այդ սպաները հիմա պետք է հաշիվ պահանջեն նրանից, ասեն՝ այդպես կարելի՞ է անել, կարելի՞ է աղջկա վրա հարձակվել, հեգնել։ Ես չեմ ասում, որ վարչապետի դուստրն է, պաշտոնյայի աղջիկ է։ Ես որպես Խորհրդային բանակի եֆրեյտոր, Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Անկախության բանակ» ազատամարտիկների միության հիմնադիրներից մեկը, Երևան քաղաքի քաղաքական պաշտպանության շտաբի անդամներից մեկը, կարծում եմ, որ տգեղ է վարվել Վանեցյանը, որ կասկած է առաջացրել։ Ուրեմն նրա հայտարարությունները վերջին շրջանում միանշանակ չեն, բազմիմաստ են, նա առիթ է տվել կասկածի։ Ես որպես խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին անդամ, դատապարտում եմ Արթուր Վանեցյանի վարքագիծը։ Վարչապետի ընտանիքին հանգիստ թողեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *