Հանցավոր խմբակը թերեւս տեղեկություն ուներ, որ երկու անդամ կա, որ պատրաստվում է այդ հնարավորությունից օգտվել

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

-Տիկին Ջուլհակյան, մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ 2020-ի առաջնահերթությունը Սահմանադրական բարեփոխումներ իրականացնե՞լն է լինելու։ Վեթինգ, բարեվարքություն, դատաիրավական բարեփոխումներ՝ այն, ինչ չհաջողվեց իրականացնել 2019-ին, կանեք այսպիսի փոփոխությունների՞ արդյունքում։

Իրականում քաղաքական իշխանությունների օրակարգը բավականին ընդգրկուն և լայն է 2020-ի համար և, իհարկե, այս օրակարգում միայն սահմանադրական փոփոխությունները չեն, կան ավելի բովանդակային վերափոխումներին միտված գործընթացներ։ Սահմանադրական փոփոխությունները, այո, լինելու են այդ կարևոր ռեֆորմներից մեկը, բայց ոչ միակը։ Ոլորտային առումով, գիտեք, որ ամեն ինչ արվում է տնտեսական հեղափոխության համար, հետևաբար միայն դատաիրավական փոփոխությունները չեն առաջնային, այլև բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններ են սպասվում։ 2019-ին արդեն մեկնարկել են որոշ փոփոխություններ, ու մի շարք հարցերում՝ թե քաղաքային, թե քաղաքական իշխանություններն ունեն բավականին կարևոր ձեռքբերումներ։ Ուզում եմ նշել կոռուպցիայի դեմ պայքարը, որը կարող եմ միանշանակ հաջողված համարել ու արձանագրել, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա։ Այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ համակարգային կոռուպցիա չկա, որովհետև կա այդպիսի քաղաքական կամք, որ չպետք է լինի համակարգային կոռուպցիա և ընդհանրապես պետք է լինի զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Այս տարի պետք է անենք ամենը, որ կոռուպցիայի դեմ պայքարը դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որպեսզի հետագայում Հայաստանը և ՀՀ հանրությունը կախված չլինեն քաղաքական կամքից, այլ կոռուպցիայի դեմ պայքարեն արդեն իսկ ինստիտուտները, ոչ թե մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի բարի կամքի դրսևորում լինի կոռուպցիայի բացակայությունը։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, կարծում եմ, դուք դատաիրավական ոլորտի վերափոխումներին եք հղում անում։

Նաև կառավարման մոդելի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն կա՞, թե ոչ։

Գիտեք, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների 2019-2023թթ. ռազամավարությամբ, նախատեսված են սահմանադրական փոփոխություններ, և փետրվարին արդեն, ըստ այդ ռազմավարության ժամանակացույցի, պետք է սկսվեն աշխատանքները սահմանադրական փոփոխությունների վրա աշխատող հանձնաժողովի ձևավորման շուրջ։ Երբ արդեն ձևավորվի այդ հանձնաժողովը, սկսվեն քննարկումները, ապա պարզ կդառնա, թե փոփոխությունների ինչ շրջանակ են ընդգրկելու։ Կառավարման մոդելի հետ կապված այդ պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց ըստ իս՝ մենք չպետք է գնանք կառավարման մոդելի փոփոխության ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կառավարման ձևի փոփոխությունը ցանկացած երկրի համար ցնցում է և ենթադրում է նաև ինստիտուտների աշխատանքի փոփոխություն։ Մենք մի քանի տարի առաջ ենք դարձել պառլամենտական երկիր՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ընդ որում՝ նաև պետք է արձանագրել, որ լիակատար պառլամենտական համակարգ ներդրվել է ոչ միանգամից, այլ տարիների ընթացքում, և կարելի է ասել, որ 2018-ից նոր մենք կարող ենք խոսել լիարժեք խորհրդարանական համակարգի մասին։ Ես կարծում եմ, որ դեռևս այդ համակարգը չփորձարկած, դրա լավագույն արդյունքները չքաղած մենք չպետք է նորից մեկ այլ մոդելի անցնենք։ Նորից եմ կրկնում, ցանկացած այդպիսի փոփոխություն ցնցում է պետական կառավարման համակարգի համար։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին ցնցումներն արդեն շատ եղել մեր երկրում, և մենք չպետք է հերթական անգամ ցնցումների գնանք։

Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններ արվում են հիմնականում դատաիրավական բարեփոխումների՞ համար։

Ոչ միայն դատաիրավական բարեփոխումների համար։ Նախևառաջ ես երկու հիմնական պատճառ եմ տեսնում սահմանադրական փոփոխություններ անելու համար։ Առաջին պատճառն այն է, որ մենք չենք կարող խոսել լեգիտիմ Սահմանադրության մասին, չենք կարող խոսել այն մասին, որ Սահմանադրությունը, որը տեսականորեն կոչված է լինելու քաղաքացիների և կառավարման մարմինների միջև քաղաքացիական պայմանագրի կնքմանը, առ այն, թե ինչպես են այդ պայմանագրի կողմերը կազմակերպելու իրենց կենսագործունեությունը, ինչ հարաբերություններ են ուզում ունենալ քաղաքացիներն իրար մեջ և ինչ հարաբերություններ են ուզում ունենալ պետական մարմինների հետ։ Այս տեսանկյունից ես անչափ կարևոր եմ համարում վերջապես ունենալ չկեղծված սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որպեսզի վերջապես իմանանք, որ Սահմանադրությունն ունի լիարժեք լեգիտիմություն և որ նրա շուրջ ՀՀ քաղաքացիները համաձայնության են եկել և կնքել են քաղաքացիական պայմանագիր։ Երկրորդ պատճառն այն է, որ գործող Սահմանադրությունն ունի բազմաթիվ խութեր, հակասություններ, թերություններ տարբեր նորմերի մեջ։ Նաև բովանդակային ու տեքստային առումով պետք է անդրադարձ արվի դրան, որպեսզի մենք հետագայում խուսափենք ճգնաժամերից, որոնք ունեցել ենք։ Դրա օրինակներից մեկը ՍԴ-ի շուրջ ճգնաժամն է, 2-րդ օրինակը 2018-ի վերջում էր, երբ հեղափոխությունից հետո խոսվում էր խորհրդարանն արձակելու մասին, բայց իրական նորմալ իրավական, սահմանադրական մեխանիզմներ մեր Սահմանադրությունը չէր նախատեսում։ Այդպիսի խութերն ավելի շատ են Սահմանադրության մեջ։ Հետևաբար, պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն։

Սա կլուծի նաև ՍԴ-ի շուրջ ստեղված ճգնաժա՞մը, թեև Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց գերխնդիրը Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելը չէ։

Իշխանությունն իր առջև բազմաթիվ խնդիրներ ունի դրված, և իհարկե, ՀՀ չի պտտվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի շուրջը, բայց դա հրատապ հարց է, և ես չեմ կարծում, որ մենք այդ հարցը լուծելու համար պետք է սպասենք սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա երկարատև գործընթաց է։ Եթե մենք սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տալիս ենք այս տարվա փետրվարին, ապա, իմ գնահատմամբ, լավագույն դեպքում մենք կարող ենք ունենալ հանրաքվե հաջորդ տարի։ Պետք է հանձնաժողովը ձևավորվի, լինեն քննարկումներ, այդքան հեշտ բան չէ Սահմանադրության տեքստ գրելը։ Դա նաև հետո պետք է հանրային քննարկման դրվի։ Ես կարծում եմ՝ ամենաքիչը մեկ տարի կտևեն այդ քննարկումները, մինչև որ վերջնական տեքստը կունենանք։ Հետևաբար, մենք չենք կարող մեզ թույլ տալ ճոխություն՝ սպասելու այդ գլոբալ փոփոխություններին ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծելու համար, քանի որ մենք տեսնում ենք, որ ՍԴ-ն, ըստ էության, յուրաքանչյուր օր կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք լրջագույն խոչընդոտներ են հանդիսանում բարեփոխումների համար։ Որպես օրինակ կարող եմ բերել նոյեմբերին ՍԴ-ի կայացրած որոշումը՝ դատավոր Մելքումյանի դիմումի հիման վրա։ Դրանով ՍԴ-ն, ըստ էության, ԲԴԽ-ին զրկել է դատավորներին էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից։ Դա լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ դատաիրավական բարեփոխումների համար։ Սա ընդամենը մեկ օրինակ է, այսպիսի օրինակներ էլի կան։ Մենք պետք է անենք հնարավորը այս խնդրին լուծում տալու համար։ Բայց նաև ես հիմիկվանից չեմ ուզում առաջ ընկնել ու ասել, որ ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող մոդելը, որ առաջարկվել էր Արդարադատության նախարարության կողմից և ընդունվել էր խորհրդարանում դեկտեմբերին, չի տալու իր արդյունքները։ Մենք, իհարկե, տեսնում ենք, թե ինչ հիստերիկ արձագանքների է արժանանում, ինչպիսի շանտաժային գործընթացներ են սկսվել նախկին հանցավոր ռեժիմի և նրանց մնացուկների կողմից՝ փորձելով անել ամեն ինչ, որ ՍԴ-ի անդամները չգնան վաղաժամ կենսաթոշակի։ Նախորդ օրերին բավականին տարածված ապատեղեկատվությունը, թե իբր ինչ-որ կոմպրոմատ կան ՍԴ երկու անդամների վերաբերյալ, և եթե այդ երկուսը համաձայնեն վաղաժամ կենսաթոշակի գնալ, ուրեմն հենց իրենք են այդ մարդիկ, խոսում է հենց այն մասին, որ ամենայն հավանականությամբ, այո, նախկին հանցավոր խմբակն ունի տեղեկատվություն, որ գուցե հենց երկու անդամ կա, որ պատրաստվում է այդ հնարավորությունից օգտվել և փորձում է անել հնարավորը, որպեսզի այդ մարդիկ հանկարծ չուզենան իրենց հեղինակության վրա բիծ վերցնել։ Ընդ որում՝ անձնական հեղինակության մասին է խոսքը, քանի որ այնտեղ խոսվում է արտամուսնական կապերի մասին։ Այս ամենը զավեշտալի է, և ես կարծում եմ, որ ՍԴ անդամները չեն տրվի այս զավեշտալի շանտաժին ու աճպարարությանը։

Կարծում եք, որ ՍԴ անդամներն ընդառաջ կգնա՞ն իրեն ներկայացված առաջարկին։ Համենայնդեպս, այս պահին նման բան դեռ չկա։

Ես չեմ կարող կանխատեսել՝ կօգտվեն այդ հնարավորությունից, թե ոչ, սակայն ոչինչ չեմ բացառում։ Համենայն դեպս, հաշվի առնելով այն հիստերիան և աղմուկը, որ բարձրացել է հանցավոր ռեժիմին սպասարկող մամուլում դրա կապակցությամբ, գուցեև այո, կան ՍԴ անդամներ, որոնք պատրաստվում են իշխանության մեկնած ձեռքը սեղմել ու անցումային արդարադատության գործիքակազմով լուծում տալ ՍԴ ճգնաժամին։ Ես կարծում եմ, որ եթե նրանք չունենային նման տեղեկատվություն, այս հիստերիայի և զավեշտալի աղմուկի անհրաժեշտությունը չէր լինի, ու մենք ստիպված չէինք լինի ականատես լինել այս արդիականությունը վաղուց կորցրած շանտաժին։ Սպասենք, տեսնենք, մինչև փետրվար մենք ունենք ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *