Հակահայկական ալիք Աբխազիայում. Ինչ է կատարվել

Չգիտեմ, թե ինչ է կատարվում Աբխազիայում, Ֆեյսբուքի իր էջում գրել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: «Իրականում աբխազական հարցը տարօրինակ կերպով նաեւ հայկական խնդիր է: Աբխազիայում հայերն ավանդաբար շատ են եղել, իսկ Սոչիում այնտեղից եկածները շատ են: Իմ նախապապն և նախատատը, օրինակ, ողջ կյանքն ապրել են Պիցունդայում», – ասել է նա:

«Ինչպես միշտ լինում է ներքաղաքական փորձարկումների ժամանակ, որոշ աբխազ քաղաքական գործիչներ հանկարծ հիշել են ազգային հարցը: Ադլերում արդեն մի քանի ամիս տնային տնտեսուհիներն ու տաքսիստներն իրար են ուղարկում հակահայկական հռետորաբանությամբ հոլովակներ», – գրում է Սիմոնյանը:

Նա հիշեցրել է, որ Օլիմպիական պալատից, որտեղ փետրվարին կայանալու է Սոչիի ֆորումը, մինչեւ Աբխազիայի սահման ոտքով քառասուն րոպե է:

Հայերը, պաշտոնական տվյալներով, կազմում են Աբխազիայի բնակչության քսան տոկոսը, ոչ պաշտոնական տվյալով՝ գրեթե 3-րդ մասը: Հայ-աբխազական կապերը միշտ բարձրության վրա են եղել, եւ հայերին այնտեղ վերաբերվել են որպես յուրայինի:

Ի՞նչը կարող էր հարուցել «հակահայկական հռետորաբանություն» Սուխումում ու Ադլերում: Մարգարիտա Սիմոնյանը թերեւս իզուր չի ասում, որ Սոչիից Աբխազիայի սահման շատ մոտ է:

Աբխազիայում խոսում են, իսկ վրացական որոշ ռեսուրսներ առիթը բաց չեն թողնում տարածելու, որ 2019 թվականի օգտոստոսի վերջին Աբխազիայում նախագահի ընտրությունների ելքը մեծ մասով հայերն են վճռել: Ընդ որում, ոչ թե այն հայերը, ովքեր ապրում են Աբխազիայում ու քվեարկում ըստ իրենց նախընտրությունների, այլ Սոչիում ապրող, բայց ռուսական քաղաքացիություն չունեցող հայերը, որոնց մինչեւ ընտրությունները իբր գրանցել են Աբխազիայում եւ ռուսական անձնագրեր բաժանել:

Խոսքը հինգ հազար հայերի մասին է, որոնց Աբխազիա է տարել Սոչիում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն): Իբր, նրանք բոլորը քվեարկել են Ռաուլ Խաջիմբայի օգտին: Արդյունքում, նա փոքր առավելությամբ դարձել է նախագահ, բայց նրա ընտրությունն այդպես էլ չեն ընդունել Աբխազիայում, իսկ օրերս ընդդիմության ճնշման տակ նա հրաժարական է տվել: Իրադարձությունները որակել են հեղափոխություն:

Խաջիմբայի խնդիրը,բնականաբար, լուծեցին, հիմա էլ ուզում են հասկանալ, թե ինչու ինչ-որ մեկը կարող է Աբխազիայում ռուսական անձնագրեր բաժանել եւ ցուցում տալ, թե ում օգտին քվեարկեն: Ըստ երեւույթին, դա այնքան լուրջ է, որ Մարգարիտա Սիմոնյանը որոշել է, որ միջամտելու ժամանակն է: Մոսկվայից Սուխում են գործուղել «ծանր հրետանին»՝ Նուրգալիեւին ու Սուրկովին, որոնց հետ հանդիպումից հետո Խաջիմբան հրաժարական է տվել:

2019 թվականի փետրվարին Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել էր հայկական մի շարք կայքերի, այդ թվում՝ Lragir.am-ի հասանելիությունը, որոնք Ռուբեն Թաթուլյանին վերաբերող նյութեր էին հրապարակել: 2019 թվականի դեկտեմբերին Lragir.am-ի հասանելիությունը կրկին սահմանափակվել է Ռոսկոմնադզորի կողմից, այդ նյութերի համար:

Ռոբսոնին ռուսական ԶԼՄ-ներն անվանում են ոչ միայն Սոչիի, այլ նաեւ Ղրիմի ու Աբխազիայի «նայող»: Նա Կարեն Կարապետյանի ներդրողների ակումբի անդամ էր, հայկական դիվանագիտական անձնագիր ուներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *