Կարող ենք արդյոք 2020 թվականին ավելի լավ ապրել…

Ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության 2020թ.-ի բյուջեն ու ի՞նչ խնդիրներով է այն լեցուն:

«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն, 2019թ.-ի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 13,4%-ով, որի իննսունչորս ամբողջ չորս տոկոսը կապահովվի հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման միջոցով։

Ծախսերի գծով նույնպես նախատեսված է 2019թ.-ի համեմատ տասնչորս ամբողջ մեկ տոկոսով աճ: 2020թ.-ի բյուջեի նախագծով ավելանում են և՛ ընթացիկ ծախսերը, և՛ կապիտալ ծախսերը։ Վերջիններս կկազմեն Համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսը: Արդարացվում են ճանապարհաշինությանը հատկացող միջոցները: Իհարկե, ենթակառուցվածքների բարելավումը թե՛ երկրի ռազմավարական զարգացումների, թե՛ երկրի անվտանգության ապահովման, թե՛ գործարարության զարգացման տեսանկյունից միայն և միայն դրականորեն պետք է գնահատել:

Բայց կարծում ենք, որ կառուցվածքային առումով կապիտալ ծախսերն արդարացված չեն:

Բացակայում են երկարաժամկետ ոլորտային առաջնահերթությունների զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:

Ծախսերի հաջորդ մեծ խումբը՝ հանրային ծառայությունները, իրենց ծավալներով գեներացման ենթակա չեն կրթության, առողջապահության ու գիտության ոլորտներում:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդն ավելացել է նախորդ տարվա համեմատ երեսունմեկ մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով` կազմելով 182.6 մլրդ ՀՀ դրամ: Ի տարբերություն նախորդ տարվա, նոր բյուջեի նախագծում պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել գերազանցապես ներքին աղբյուրներից՝ 205,4 մլրդ ՀՀ դրամ։

Այս դեպքում, ներքին պարտքի սպասարկման տեսանկյունից հավանական վտանգը կարող է դրսևորվել «սենյորաժ»-ի գայթակղության մեջ: Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, ապա փորձ է արվում կրճատել երկրի տնտեսական կախվածությունը արտաքին աշխարհից։ Սակայն, իրականում ՀՀ Կառավարության արտաքին պարտքը, թեև դանդաղ, բայց ավելանում է:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 4,9%։ Սակայն ՀՆԱ-ի 4,9% աճն արդյո՞ք այն ցուցանիշն է, որը թույլ կտա լուծել երկրում հասունացած սոցիալ-տնտեսական բազում հիմնախնդիրները: Իհարկե ո՛չ, դա այն տնտեսական աճը չէ, որ կարող է ապահովել ՀՀ տնտեսության երկարաժամկետ առաջընթացը:

Այսպիսով, ՀՀ 2020թ․ պետական բյուջեն ընձեռում է որոշակի հնարավորություններ, մասնավորապես բյուջեի պակասուրդը «ոսկե կանոնի» շրջանակներում պահելը, կապիտալ ծախսերի և տնտեսության ճյուղերին ուղղվող ֆինանսավորման աճ, ինչը կավելացնի ներքին պահանջարկը, սոցիալական խնդիրների մասնակի լուծումներ, ենթակառուցվածքների բարելավում։

Ակնհայտ են որոշակի սպառնալիքներ՝ կապիտալ ծախսերի մասհանումների անհամամասնությունները, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների արդիականացման ծրագրերի բացակայություն, Կառավարության ծրագրով նախատեսված տնտեսության արտահանելի ոլորտներին համահունչ ֆինանսավորման բացակայությունը։

Առաջարկում ենք․

1․Ծախսերի կառուցվածքի վերանայում՝ երկարաժամկետում ոլորտային առաջնահերթությունների հստակեցման, սոցիալական ծախսերի գեներացման անհրաժեշտությունից ելնելով.

2.Գործարար դաշտին՝ պետության մասնակցության և ֆինանսական աջակցության շրջանակների ընդլայնում:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեն՝ սոցիալական ուղղվածությամբ, պահպանողական բյուջե է՝ լավատեսական սպասումների ակնկալիքով:

Ջուլիետա Թադևոսյան, ՏԶՆԿ փորձագետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *