Պուտինի որոշումը. Կարեն Կարապետյանը կպահի՞ դերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության հրաժարականը դիտարկվում է այդ երկրում իշխանության փոփոխության գործընթացի դինամիկայի համատեքստում:

Պուտինը նշանակել է ՌԴ նոր վարչապետ, որը հարկային ծառայության նախկին ղեկավարն է: Արդեն նախկին վարչապետ Մեդվեդեւն էլ կզբաղեցնի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, որ կստեղծվի հատուկ նրա համար, ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունները առաջ են բերում բազմաթիվ հարցեր, որոնք նշանակալի են նաեւ Հայաստանի համար: Հետաքրքիր հարցերից մեկն էլ թերեւս այն է, թե ինչ է լինելու մի քանի շաբաթ առաջ ՌԴ վարչապետ Մեդվեդեւի ստեղծած փորձագիտական խորհրդի և մասնավորապես դրա նախագահության հետ: Դրա նախագահ էր դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, «գորշ կարդինալ» համարվող Վոլոշինը: Նախագահության կազմում էին նաեւ ՌԴ նախկին երեք վարչապետները՝ Զուբկով, Ֆրադկով, Ստեպաշին: Նախագահության կազմ էր ընդգրկվել նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության փոփոխությունից հետո հարց է առաջանում, թե ինչ է լինելու ՌԴ վարչապետին կից փորձագիտական խորհրդի հետ: Խորհուրդը ընդհանրապես, կամ նախագահության կազմը մասնավորապես մնալու՞ է, թե՞ ոչ: Միաժամանակ, երբ Մեդվեդեւը ձեւավորում էր այդ կազմը, պատկերացնու՞մ էր մոտալուտ հրաժարականի մասին, տեղյա՞կ էր Պուտինի պլաններից:

Արդյոք խորհրդի կազմի ձեւավորման հանգամանքը չի վկայում, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը չուներ մոտալուտ հրաժարականի մտադրություն կամ մտավախություն եւ պատրաստվում էր տեւական և բարդ պայքարի ու աշխատանքի: Եթե իհարկե խորհուրդը ձեւավորել էր նա, այլ ոչ թե ձեւավորվել էր օրինակ Կրեմլից, և ամենեւին ոչ Մեդվեդեւի համար:

Հետաքրքիր է տեսնել, թե մի քանի շաբաթ առաջ ռուսաստանյան ներքին տնտեսա-քաղաքական անցուդարձի ու իշխանության «տրանզիտի» գործում դեր ստացած Հայաստանի նախկին վարչապետը պահելու՞ է այդ դերը, թե ոչ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *