Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրը նրա տան խուզարկության մասին տեսանյութում ցուցադրված իրերը հայտնաբերվել են այլ վայրում, իրականում նկարահանվել են ուրիշ վայրում: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ այն, որ այդ մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ ապրանքները նկարահանված են այնտեղ, որտեղից չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց 2-րդ օրը. «Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ:
Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ գեներալի տան խուզարկության ժամանակ նկարահանված, «այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, հիմա՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Պաշտպանը հավատացած է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումն ընդունվել է ոչ դատարանում, ու
ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն, ըստ նրա, ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի հայտարարությանը, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանը նշել է՝ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել:
«Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,- ասել է պաշտպանը. «Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»: