Հայտնի է, թե քանի դրամ թեյավճար է աշխատել Տաթևիկ Ռևազյանը. Այդ գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել վեցամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն:

Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթեւիկ Ռեւազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին այլ աշխատանք ունեցող անձը մի կարճ ժամանակով անում է այդ գործը, ապա թեյավճարներից կուտակված գումարը ծառայեցնում բարեգործական նպատակների: Ռեւազյանը սիրով է համաձայնել և որոշել է գումարը փոխանցել «Մենք ենք» հիմնադրամ: Հիմնադրամն էլ ընտրել է, թե որ երեխային է դա այս պահին առավել անհրաժեշտ: «Մենք ենք»-ից ՀԺ-ին հայտնեցին, որ Տիգրանը չորս տարեկանից պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):

Երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականցվի Մոսկվայում: Երեկոյան ոչ մեծ սրճարանում հավաքվածների մեծ մասը Ռեւազյանի ծանոթներն և ընկերներն էին, որոշ մարդիկ էլ, մամուլից տեղեկանալով, հատուկ եկել էին նրա հետ մի քանի բառ փոխանակելու:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը շփվում էր բոլոր այցելուների հետ: Ոմանք իրենց հիացմունքն էին արտահայտում երիտասարդ պաշտոնյային եւ նրանից հետաքրքրվում, թե ինչպե՞ս կարողացավ այդքան արագ նոր թռիչքուղի բացել ՀՀ-ից դեպի Եվրոպա: Ծանոթ և անծանոթ լուսանկարվում եւ զրուցում էին նրա հետ: Ռեւազյանը մատուցողի հագուստով չէր, «պարտականությունները» կատարելու ընթացքում նրան ուղեկցում էր սրճարանի իրական մատուցողուհիներից մեկը:

Ընթացքում Ռեազյանը փորձում էր սովորել որոշակի դետալներ, ինչը սովորաբար ընդհատվում էր նոր հաճախորդի հետ ողջագուրվելով ու զրուցելով: Լրագրողների հարցերին նա չցանկացավ պատասխանել: Միայն ասաց, որ մատուցողի աշխատանք կատարելով՝ փորձում է նաեւ որոշակի կարծրատիպ կոտրել:

Սրճարանի համահիմնադիրներից մեկից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե սովորաբար նման մարդկանց դեպքում թեյավճարը որքա՞ն կարող է կազմել: «Երբեմն մեկ երեկոյի ընթացքում եղել է ընդամենը 25 հազար դրամ, եղել է նաեւ 650 հազար»,- ասաց նա՝ չկարողանալով կանխատեսել Ռեւազյանի թեյավճարների հանրագումարը: Երեկոյի ընթացքում Ռեւազյանի առաջին թեյավճարը 6,000 դրամ էր, իսկ այցելուների թիվը հետզհետե ավելանում էր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը:

Աղբյուրը՝ ArmTimes

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *