Հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» ավագանու խմբակցության հանդիպման վերաբերյալ: «Աշխատանքային հանդիպում էր: Կհիշեք՝ ևս 1 հանդիպում կայացել էր անցյալա տարի։

Մենք նաև արձանագրեցինք, որ այդ հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, քանի որ բազմաթիվ խնդիրներ են հավաքված լինում նաև ավագանու մեր անդամների մոտ՝ կապված բազում գերատեսչությունների, պրոցեսների հետ, ու անչափ կարևոր է այդ հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի ու կառավարության աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ քննարկել են խնդիրների լուծման ճանապարհները, արձանագրել,թե ինչ խնդիրներ կան և գծել դրանց լուծման ճանապարհները։ «Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս կարևոր խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են: Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»,- նկատեց Մարությանը։

Խոսելով շինթույլտվությունների մասին՝ քաղաքապետն ասաց, որ աննախադեպ քանակի դիմումներ են ստանում։ «Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք։

Մարությանն ասաց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ «Ամբողջ երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ գործընթացը պետք է լինի շարունակական և երկար:

Հողակտոր ունեցող մարդկանց մտքով երբևէ չէր անցնի, որ կարելի է դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանալ: Այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել, ու մենք ևս մեծ հաճույքով այս որոշումը ողջունում ենք,սակայն միևնույն ժամանակ այս ողջ դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու:

Դրանք բոլորը պետք է նորմերին համապատասխանեն, և ամեն ինչը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր: Ֆիքսենք, որ շատացել են և՛ քանակը, և՛ որակը»,- ասաց քաղաքապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *