Նախորդ անգամ ավարտվեց սկանդալով. ինչ է սպասվում այս անգամ

ՀՀ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ լրատվամիջոցների համար հաջորդ մեծ ասուլիսը կլինի Կապանում՝ հունվարի քսանհինգին: Վարչապետի նախորդ մեծ ասուլիսը Վանաձորում էր, որը հիշվեց նրանով, որ փաստացի դրա ընթացքում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնանկությունը՝ վարչապետը սրա ընթացքում բարձրաձայն հաստատեց մամուլում եղած տեղեկությունը, իսկ րոպեներ անց սկանդալային տեքստ հրապարակեց Արթուր Վանեցյանը:

Ինչո՞վ է հիշվելու Նիկոլ Փաշինյանի նոր մեծ ասուլիսը Կապանում:

Արտագնա, մարզային մեծ ասուլիս կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես ընդհանրապես պարբերական մեծ ասուլիսների նախաձեռնությունը, բավականին ողջունելի է:

Մյուս կողմից, խիստ ցանկալի է, որ այդ մեծ ասուլիսները իրադարձություն դառնան նաեւ հնչող հիշարժան կամ գուցե նշանակալի հայտարարությունների առումով ու ոչ թե, ասենք, դառնան կառավարության նիստերում կամ բսզում այլ առիթներով վարչապետի հայտարարությունների յուրօրինակ «ժողովածու», տարբերվելով միայն նրանով, որ մի քանի տասնյակ լրագրող հոգեկան բավարարվածության զգացում է ունենում վարչապետին հարց տված լինելու փաստից:

Այդ իմաստով, ասուլիսները թերեւս պետք է լինեն որոշակիորեն նախապատրաստված: Խոսքն իհարկե նախապես պատրաստված կամ ճշտված հարցերի մասին չէ, ինչի պրակտիկան առկա էր նախկինում, առավել եւս ճշտված լրատվամիջոցների ցանկով: Բայց, նաեւ դժվար պատկերացնելի չէ, որ հնչելու են խնդիրներ ամենատարբեր ոլորտների եւ թեմաների վերաբերյալ, ըստ այդմ հնարավոր է նախապատրաստել բովանդակություն, որը անչափ հանգիստ կարող է տեղավորվել այս կամ այն հարցի վերաբերյալ պատասխանի շրջանակում:

Հիշարժան բովանդակության իմաստով մեծ ասուլիսների առանձնահատկությունը թերեւս կարեւոր է: Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը մեծ ասուլիսի «կենտրոն» այս անգամ ընտրել Կապանը, պարզ չէ, գուցե այդ առնչությամբ լինեն պարզաբանումներ, հնարավոր է պարզապես պլանավորված է վարչապետի աշխատանքային այց Սյունիք:

Մեծ հաշվով, ընտրության պատճառը գուցե կարևոր չէ, սակայն խիստ հատկանշական է ընտրության պահը: Սյունիքը հույժ կարեւոր ռեգիոն է, Իրանին սահմանկից: Այդ կարեւորությունը հատկապես նշանակալի է դառնում ռեգիոնալ ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին, որը Տարեմուտից հայտնի իրադարձությունների բերումով մտել է շրջադարձային նոր՝ մեկ այլ փուլ:

Հայաստանն այդ իմաստով ասել է, արտահայտվել կայունության շահագրգռության առումով, հավաստիացրել Իրանին ու Նահանգներին, որ Հայաստանը չի ներքաշվի որեւէ մեկի դեմ գործողության: Միեւնույն ժամանակ, սակայն, Հայաստանից սպասվում եւ ակնկալվում է թերեւս ավելին, եւ ոչ միայն Վաշինգտոնում ու Թեհրանում, այլ ռեգիոնալ խաղի եւ գործնականում աշխարհակարգային վերափոխման գործընթացի բոլոր առանցքային մասնակիցների շրջանում:

Հայկական դերը աշխարհակարգի հիմքում եղել է, կա եւ լինելու է աներկբա: Եվ այստեղ կարեւոր է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի նշանակությունը:

Այդ իմաստով, մեծ ասուլիսի կապանյան ընտրությունը ունի թերեւս նաեւ նշանակալի բովանդակությամբ հիշարժան դարձնելու անհրաժեշտություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *