Լրատվամիջոցների ու ժողովրդի համար
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Երեկ՝ հունվարի տասնյոթին, հայաստանյան մի քանի էլեկտրոնային ու հեռուստալրատվամիջոցներ հանրությանն ապատեղեկատվություն են տվել նույն օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ մի գրառման կապակցությամբ, որը վերաբերել է բոլորիս ցնցած Աազգային անվտանգության ծառայության նախկին պետ (2016-2018) Գեորգի Կուտոյանին, որի կապակցությամբ իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ ու քննություն են իրականացնում։
Մասնավորապես, Զանգվածային լրատվամիջոցներում այս լուրի ու առնչվող այլ հանգամանքների հայտնվելուց կարճ ժամանակ հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում սեղմ գրառումով ցավակցել էի Կուտոյանների ընտանիքին մեծ վշտի կապակցությամբ, և հիշեցրել այդ ողբերգական դեպքից երկու օր առաջ իմ մեկ այլ գրառման մեջ արված ռիսկի գնահատումը (արդեն երկու տասնամյակ է ինքս՝ որպես անվտանգության հարցերով փորձագետ, զբաղվում եմ դրանով)։ Վերջինիս համար հիմք էին հանդիսացել սոցիալական ցանցերում, բլոգային եւ լրատվական որոշ հարթակներում Ազգային անվտանգության ծառայության մեկ այլ նախկին ղեկավարի՝ պ. Արթուր Վանեցյանի «կյանքին սպառնացող վտանգների» մասին գրառումները։
Ի դեպ, այդ համատեքստում blognews.am կայքի մի գրառման մեջ պարոն Վանեցյանին նույնացրել էին վաղ իննսունականներին հետխորհրդային երկրներում եւ հատկապես Հայաստանում մեծ լսարան ունեցող «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսի՝ ոստիկանության կոմիսար Կորադո Կատանիի հետ, ով կատաղի պայքար է մղում իտալական մաֆիայի ու նրա հետ կապված միջազգային կազմակերպված հանցավորության դեմ։
Նկատելով այս վտանգավոր զուգահեռները՝ իշխանություններին ասել էի՝ հետևել պարոն Արթուր Վանեցյանի անվտանգությանը, իսկ հունվարի տասնյոթին, հիշեցնելով երկու օր առաջ այս տարօրինակ հրապարակումներն ու դրանց հիման վրա իմ կատարած ռիսկերի գնահատումը, նաև՝ հիշելով տարված զուգահեռները մաֆիայի մասին, գրառման մեջ դիմել էի հանրահայտ «Մաֆիա» խաղի եզրաբանությանը, երբ խաղի սև մասնակիցները գիշերը փոխում են կարմիր խաղացողին, մանավանդ, որ մաֆիայի ու «սևերի» համատեքստի հեղինակն էլ ես չէի, այլ այդ գրառումների հեղիանկներն եւ բլոգային հարթակները․․․
Մինչ ես օրվա ընթացքում զբաղված էի Հանրային խորհրդի հետ կապված կարևոր հանդիպումներով եւ գործերով, ու որքան էլ նշված գրառումն ամենևին չէի կատարել Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակով, պարզվեց, իրենց «ընդդիմադիր» կամ «անկախ» հռչակած որոշ լրատվամիջոցներ, կա՛մ զոռ տալով սեփական անառողջ երևակայությանը, կա՛մ միտումնավոր ու ինչ-ինչ անարդար նպատակներ հետապնդելով, փորձել էին այս ողբերգության շահարկումով ներկայացնել, թե իբրև Հանրային խորհրդի նախագահը Գևորգի Կուտոյանի վերաբերյալ ինչ-որ բան գիտի (hraparak.am, politik.am), ավելին՝ ինքն էլ հասարակությանը բաժանում է «սևերի» և «սպիտակների» ու մեղադրանքի սլաքներն էլ ուղղում է նախկին իշխանությունների ուղղությամբ («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, 5-րդ ալիք և այլն), ու նման զավեշտալի բազմաթիվ մտքեր։
Դժվար չէ նկատել, որ իմ կողմից արված գրառման մեջ չի եղել որևէ բան, որից հնարավոր լիներ եզրակացնել, թե ես հասարակությանը բաժանում եմ «սևերի» և «սպիտակների», քանզի հանրահայտ «Մաֆիա» խաղում խոսքը «սևերի» տակ հանդես եկող «հանցագործ» խաղացողների և «կարմիրների» տակ հանդես եկող ազնիվ խաղացողների, այլ ոչ թե վերջին շրջանում հայտնի «սպիտակ հեղափոխականների» ու «սև նախկին իշխանությունների» մասին է։
Մինչ հանրության հազարավոր անդամներ բացարձակ ճիշտ են հասկացել, թե ինչի մասին է եղել իմ գրառումը, պարզվում է, այն «ցնցել է հանրությանը», ինչպես «հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունն է հայտարարել, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Գեղամ Մանուկյանն էլ մի ամբողջ հաղորդում է նվիրել ինձ և այդ գրառմանը՝ վերոնշյալ հիվանդագին մեկնաբանությունների հիմքի վրա դատողություններ անելով Հանրային խորհրդի նախագահի՝ իբրև թե օրենքին չհամապատասխանող վարքագծի վերաբերյալ։ Իրականում, այդ զավեշտալի «մեկնաբանություններն» են ցնցել թե՛ հանրությանը, թե՛ ինձ, ինչի կապակցությամբ հայտարարում եմ․
ես ինձ երբեք թույլ չեմ տալու նշված կամ որևէ այլ լրատվամիջոցի պարտադրել կամ խորհուրդ տալ, թե նա ինչպես ճիշտ լրատվություն մատուցի հանրությանը, չզրպարտի քաղաքական, պետական գործիչներին կամ փորձագետներին, բայց նաև թույլ չեմ տալու, որ անվտանգության ռիսկերի փորձագիտական գնահատումից հեռու որևէ մեկը թելադրի, թե դա ինչպես պիտի արվի, կամ խեղաթյուրեն հայտնված փորձագետական որևէ դիտարկում, որը հենվում է փաստերի վրա, եթե այն անգամ տարբերվում է պաշտոնական վարկածից․
Թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը զրպարտչական ոճով ինձ վերագրի մտքեր ու տեսակետներ, որոնց հեղինակը ես չեմ․ եթե իրենք իրենց թույլ են տվել մեղադրանքի սլաքները ուղղել հասարակության որևէ խմբի ուղղությամբ, ապա դրա բացատրությունն իրենք պետք է տան՝ առանց այդ համատեքստում իմ անունը հոլովելու կամ շահարկելու։ Ինքներդ բացատրե՛ք, թե ի՞նչ նպատակներով եք տարածել այդ զրպարտությունը, և ի՞նչ քաղաքական նպատակներ եք հետապնդում, երբ փորձում եք այս ողբերգական դեպքի տակ հերթական անգամ պառակտել ու ապակայունացնել հասարակությանը և երկիրը՝ սուտ հրամցնելով, թե իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմից նշանակված Հանրային խորհրդի նախագահը «սևերի» և «սպիտակների» է բաժանում հանրությանը, իսկ «սևերին» էլ հռչակում է ԱԱԾ նախկին պետի կյանքից հեռանալու կազմակերպիչ․․․
Մինչ նշված լրատվամիջոցների ծավալած գործունեությունը կթողնեմ իրենց խղճին ու հասարակության դատին, նաև անտարբեր չեմ լինելու, երբ նրանք զրպարտության տարրերով ուղեկցված իրենց մեկնաբանություններում ապատեղեկատվություն կսփռեն իմ գործունեության վերաբերյալ կամ կփորձեն մոլերեցնել հանրությանը առանց սոցիալական պատասխանատվության զգացումի ու բացահայտ կեղծիքի դիմելով։
Ինչ վերաբերում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ պարոն Գեղամ Մանուկյանի կողմից Հանրային խորհրդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթի հիշատակմանը, որի համաձայն Հանրային խորհրդի նախագահը պետք է է ներկայացնի հանրության շահերը, ապա հաստատում եմ դա և գործում հենց այդ դաշտում, բայց ընդգծում, որ չեմ պատկերացնում, որ Հանրային խորհրդում որևէ մեկը՝ անդամից մինչև նախագահ, կարող է ներկայացնել X հանցագործության դրդողների կամ կազմակերպիչների, կամ ինչպես իմ գրառման մեջ այլաբանորեն ակնարկված է՝ մաֆիայի՝ «սևերի» շահերը։ Իմ նախագահությամբ այս Հանրային խորհրդի առաքելությունը դա չի լինելու։ Ես ճանաչել ու ճանաչելու եմ հանրության Ողջ խավերի եւ անհատների օրինական շահերը։
Ես հասկանում եմ, որ ասվածը բավական խորթ է անցյալ տասնամյակներում Հայաստանի իրավաքաղաքական պրակտիկային։ Այլոց գործունեությանը գնահատական տալուց առաջ լավ կլինի ետ շրջվել ու փորձել հասարակությանը հաշվետվություն տալ, թե ինչո՞ւ նա այդ պաշտոնական վարկածներին չի հավատում, ի՞նչ դեր եք ունեցել դուք դրանում, երբ այսօր էլ հանրության մեծ մասը հակված չէր հավատալ ձեր կողմից շրջանառության մեջ դրված վարկածներին։ Ու այդտեղ հանրություն կամ Հանրային խորհրդի նախագահը չեն մեղավոր․․․
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ
Երևան, 18 հունվարի, 2020թ․