2020-Ը ԿԼԻՆԻ ԳՐՔԱՌԱՏ ՏԱՐԻ

2020 թվականի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ ընթերցողների սեղանին կդրվեն դասական ու ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մասնավորապես, մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը ընթերցողներին կներկայացվի ամերիկացի բիզնեսմեն, (Nike նայք) ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը։ New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության ղեկավարի անցած ուղին:

Նրա անցած ճանապարհը լի է եղել փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացել է այդ ողջ դժվարությունները պատվով հաղթահարել:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին ու Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, ում մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, նշանավոր բարերար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Նա իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ Հազար ութ հարյուր իննսունինը թ․ Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը, որը քսաներորդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։

Այս տարի ընթերցողներին հասանելի կլինի նաեւ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի և վերջին գործն է:

Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել:

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաեւ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սեւ կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան հազար իննը հարյուր քսանական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով եւ աճող նացիոնալիզմով:

Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ:
Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն 1-ին անգամ հեղինակային իրավունքով ու հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից եւս 5 ստեղծագործություն կընթերցի:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաեւ նոն ֆիքշն՝ բիզնես եւ մոտիվացիոն մի քանի գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական ու անձնական կյանքում: Մանուկներին եւս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *