Վերջին շրջանում համացանցում տարածվել էր տեղեկատվություն՝ հայ բժիշկների կողմից նորածին երեխաներին վաճառելու օտարերկրացիներին,մայրերից, իրենց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզելու բազմաթիվ փաստեր։
iPress.am-ի խմբագրություն է դիմել Սևանի քաղաքի բնակիչ Լուսինե Նազարյանը, ով նույնպես հիմնավոր և կարևոր կասկածներ ունի, որ իր նորածին մանկանը վաճառել են:
Լուսինեի խոսքով` տասնիննը տարեկան ծննդկան է եղել ու չի հասկացել, թե այդպիսի ժամանակ ումից օգնություն խնդրի,թե որ գերատեսչությանը դիմի,որպեսզի պարզի,թե իրականում վաճառվել է իր երեխան, թե ոչ:
Երկու հազար յոթ թվականին Հանրապետական հիվանդանոցում կեսարյան հատումով ծնվեց իմ առաջնեկը` տղաս: Բժիշկները բոլորը եկան, շնորհավորեցին, ասացին, թե ողջ-առողջ երեխա եմ ունեցել և այլն, սակայն երկու օր հետո ինձ ասացին, որ բալիկս այլևս չկա: Ոչ ոք ցույց չտվեց ինձ ո’չ բալիկիս, ո’չ նրա՝ այլևս մեզ հետ չլինելու որևէ փաստ:
Ես անընդհատ լացում էի, բժիշկները գալիս ինձ ամոթանք էին տալիս, ասում էին. «Տասնիննը տարեկան ես ու բալիկի համար լացում ես, վաղը բազմաթիվ բալիկներ կունենաս»»,- iPress.am-ի հետ զրույցում ասաց Լուսինեն:
Լուսինեի խոսքով` բժիշկները պնդել են, որ դժվար վիրահատության արդյունքում է ծնվել փոքրիկը, որին անգամ մասնակցել է գլխավոր բժիշկը. «Երբ բարեկամներս գնացել են երեխայի մարմինը տեսնելու և պահանջելու, բժիշկներն ասել են, որ գցել են մարմինը, չկա:
Ըստ բժիշկների` երեխայիս չլինելու հիմնական պատճառը ինֆեկցիան էր, բոլորը միաբերան պնդում էին, որ ինֆեկցիայից է. Սակայն նա առողջ էր ծնվել, առանց որևէ պրոբլեմի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի տասնհինգին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ երկու հազար տասնվեցից երկու հազար տասնութ թվականների ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել: