Ուղղակի, կյանքը սկսում ես գծել թեկուզ ամենաէժան մատիտով, ու մի օր անպայման ունենում ես լավագույն գրչատուփը․․․

Մեր դասարանում մի երեխա կար, շատ զուսպ, սեղմ հնարավորություններով ընտանիքից։ Ֆիզիկապես մանր, նեղլիկ ուսերով, թափանցիկ մաշկով։ Երևի 3 սվիտեր ուներ, 2 շալվար, 1 զույգ կոշիկ, աչքիս առաջ միշտ նույն հագուստն է։ Տարիներ շարունակ բռնում էր նույն պայուսակը։ Հագուստն իր պես միշտ կոկիկ էր, մաքուր։ Այնքան խնամքով էր գրչատուփ պահում ու օգտագործում, որ բոլորս իրենից վարակված սկսել էինք գրչատուփ պահել։

Մեր գրչատուփերը 4 հարկանի էին, հազար տեսակ գրիչներով, ինքն ամեն ինչից մեկական ուներ, մերը տասը-քսանն էին, բայց միևնույնն է, թվում էր, թե իր ունեցածը մերինից լավն է։ Հետո հասկացա․ ինքը դրանք խնամում էր, հաճույքով ու խնայողաբար օգտագործում։ Մենք գրիչների կեսը կորցնում էինք, մեզնից ոչ մեկի մատիտը երբեք չէր փոքրանում այնքան, որ էլ բռնել չստացվի։ Իսկ իր մատիտների մետամորֆոզներին հաճույքով էինք հետևում։

Մինչև մենք շոր ու կոշիկ էինք բռնացնում, քառահարկ գրչատուփ էինք ընտրում կամ տրամադրությանը դպրոցական պայուսակ հարմարեցնում, նա գրքերի վրա քաշում էր ամենաէժան, թափանցիկ կազմը, իսկ տետրերը ոչ թե դարչնագույն-թանկերից էին, այլ ամենահասարակ կանաչներից։ Մինչ մենք փորձում էինք համապատասխանել մեր իսկ հորինած նորմերին, իրարից հետ չընկնել, դեռ մի բան էլ՝ առավելություն ցույց տալ, ինքը սովորում էր։ Նույն ուսուցիչներն էին, նույն դասագրքերը, տողանի ու քառակուսի տետրերը, նույն հումքից գրիչն ու մատիտը։

Բայց մենք ստուգողականներն արտագրում կամ ցածր էինք ստանում, ինքը՝ գերազանց։ Որովհետև սովորում էր։ Որովհետև հասկացել էր կրթական հաստատության մեծագույն գործառույթը․ սովորելն է։ Հագուստն ու եռահարկ գրչատուփը որպես կարևոր մասնիկ կարելի է կիրառել, ասենք, ինչ-որ երեկույթի ժամանակ, բայց առաջնայինն ու երկրորդականը իրար խառնել չի կարելի։

Ինքը գալիս էր դպրոց միևնույն հագուստով, մատիտն օգտագործում էր մինչև դրա ճկույթաչափ դառնալը։ Բայց ութ գույնանի գրիչ չունենալը չէր խանգարում ամեն օր սիստեմատիկ ժամանակ տրամադրել դասերին։

Պետք է սովորել՝ սովորում ես, գրիչ չունենալը պատճառ չես բերում, նույն պայուսակը բռնելը փակուղի չի, անգամ աշակերտներից որոշների թեք հայացքները պատճառ չեն։ Կա նպատակ, կա ճանապարհ, անում ես քայլերը՝ հասնում ես արդյունքի։ Մենք ունեինք ամենահիթային աստղերով տետրեր ու օրագրեր, բայց տարրական ինքնակազմակերպման չէինք տիրապետում։

Գուշակեք՝ ով ընդունվեց համալսարան անվճար, ում անունն էր թնդում համալսարանում, ու ով է հիմա եռահարկ գումարներ վաստակում։

Պատմում եմ, որ ասեմ․ եթե «Ադիդասի» ամենավերջին մոդելի բոթասների փողը դեռ չեք հավաքել ու դա եք դրոշակ սարքել չվազելու համար՝ չեք նիհարելու։ Եթե սպասում եք աշխարհում ոչ մեկը ձեզ էլ չցավեցնի, չլքի եւ չթքի ձեր վրա, որ նոր սկսեք տեղներիցդ շարժվել ու փոխվել՝ ոչնչի չեք հասնելու։ Մյուս օրինակները շարեք ըստ ձեր պահանջի։
Ձևը չպիտի հաղթի։ Բացարձակ ոչնչին։

Կաք դուք, կա նպատակը։ Ու դեպի այդ նպատակ տանող ճանապարհը սկսելու համար ձեզ պետք չի լավագույն «սվիտերը», որ սովորություն դարձնեք «փողոցներում զվռնելու» փոխարեն սիստեմատիկ «դաս անելը»։ Ուղղակի, կյանքը սկսում ես գծել թեկուզ ամենաէժան մատիտով, ու մի օր անպայման ունենում ես լավագույն գրչատուփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *