Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում» փոփոխություն կատարելու օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու խնդիրը:
Օրինագծի հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց՝ առաջարկում են օրենքի գործունեությունը երկարաձգել, ասել է թե՝ քսանյոթ տարին լրացած ու չծառայած քաղաքացիներին շարունակել հնարավորություն տալ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, վճարել սահմանված գումարը ու ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Գոնե պետք էր երկու հազար քսան թվականի ընթացքում հնարավորություն տալ վերադառնալ Հայաստանի, քանի դեռ այլ առաջարկ չկա: Իհարկե, այսօր քսանյոթ տարին լրացած քաղաքացին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն՝ միանգամից ենթարկվելու է քրեական հետապնդման, չկա մեխանիզմ՝ այդ քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու, հետեւաբար՝ նրանք չեն վերադառնալու:
Քանի դեռ խաղի նոր օրենքներ չկան, առաջարկում ենք այս օրենքի ժամկետը երկարաձգել»,-նշեց Գորգիսյանը:
Ելույթի վերջում Գեւորգ Գորգիսյանը նաեւ ասաց՝ երեկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի տարելիցն էր. «Շնորհակալություն այն պետական այրերին, որոնք ինչ-որ կերպ հիշատակեցին այդ փաստը»:
Այնուհետեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը ասաց, թե հանձնաժողովում ինչու են բացասական եզրակացություն տվել ԼՀԿ-ի վերոնշյալ օրինագծին. «Այդ օրենքը դարձել է բանակից խուսափելու շատ հետաքրքիր օրենք, որը, երբ վերջին անգամ երկարաձգում էինք, ասում էինք, որ սա վերջինն է: Հիմա պարոն Գորգիսյանն ասում է, որ հանձնաժողովում ասել ենք, թե մինչեւ տարեվերջ խնդրին լուծում կտանք:
Նման բան չի եղել, ասել ենք, որ խնդիր կա, որը պետք է լուծվի: Բայց մարդկանց անընդհատ հույսադրել, որ այս օրենքով անընդհատ կարող են զինծառայությունից խուսափել, այլեւս չի լինելու: Զինծառայությունը պարտադիր է, բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն ուզում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ տալ ու վերադառնալ: Եկեք բաց խոսենք այս մասին:
Կարծում եմ՝ պետք է դեմ քվեարկենք»: