«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը կարող է փակվել, այնտեղ պետպատվերի ֆինանսավորումը կդադարեցվի

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական անձավաբուժական կենտրոնը հնարավոր է՝ կանգնի փակվելու վտանգի առաջ. այս տարվանից նախարարությունը դադարեցրել է կենտրոնին ֆինանսավորել պետպատվերով բուժծառայություններ կատարելու համար:

Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, եւ հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցումը։ Կենտրոնի տնօրեն Անուշ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հիմնական պացիենտները մինչեւ տասնութ տարեկան դեռահասներն են։ Հիվանդների ութսունից ութսունհինգ տոկոսը մշտապես պետական պատվերով են բուժվել, միայն տասնհինգից քսան տոկոսն է վճարել ծառայությունների դիմաց։

«Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։

Երեւանում գտնվող Ավանի աղի կոմբինատում տեղակայված Հանրապետական անձավաբուժական կենտրոնը գործում է 1987 թ.-ի մայիսից եւ, տնօրենի խոսքով, երեսուներկու տարի նույն կարգավիճակն է ունեցել։ 1-ին օրվանից հիվանդները բուժում ստացել են պետական ֆինանսավորմամբ։

Ինչպես նշեց Անուշ Ոսկանյանը, Հայաստանում անձավաբուժական կենտրոնը հազվագյուտ է։ Այն առաջարկում է բուժում, որից հետո շատերը դադարեցնում կամ նվազեցնում են դեղերի օգտագործումը, իսկ յոթից ութ տարեկան երեխաների մոտ հաճախ դիտվում է լիարժեք լավացում, ինչը հազվադեպ է այս հիվանդությունների դեպքում։

Ոսկանյանի խոսքով՝ հիվանդությունները կարող են ունենալ նաեւ այլ բուժում՝ միօրինակ-դեղորայքային, որն առաջարկվում է պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, սակայն իրենց կողմից առաջարկվող բուժման տարբերակն այլ է: Նրա կարծիքով՝ անձավաբուժական կենտրոն դիմածներն այլ հիվանդանոցներում բուժում անցած եւ արդյունք չտեսած պացիենտներ են, որոնց թիվը գնալով աճում է։ Ավելին՝ նոր միտում կա․ արտերկրից այցելողներն են շատացել։

Եթե 2017 թվականին կենտրոնում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է երեք հարյուր քսան հոգի, ապա 2018-ին՝ 350, իսկ 2019-ին՝ 400։

Թվերի ավելացման պատճառը շնչառական խնդիրների աճն է։ Այն միայն Հայաստանում չէ: Ամբողջ աշխարհում է նման պատկեր՝ կապված օդի աղտոտման, սննդի մեջ կոնսերվանտների քանակի ավելացման։ Ըստ Ոսկանյանի՝ անձավաբուժական կենտրոնն ընդհանրապես պետք է պետության հոգածության տակ լիներ, եւ դրանով կզարգանար բժշկական տուրիզմը։

Կենտրոնի անձնակազմն առաջարկ ունի։ Նկատելով, որ վերջին շրջանում հասարակությունն անհանգստացած է հանքերի շահագործմամբ, իսկ իրենց մոտ իրականացվում է բուժում ու հանքի այլընտրանքային օգտագործման ձեւ՝ պայքարելով այլ հանքերի շահագործումից առաջացած վնասակար հետեւանքների դեմ, աշխատակիցներն առաջարկում են, որ կառավարության որոշմամբ հարկվեն բոլոր նրանք, որոնք իրենց գործունեությամբ վնասում են շրջակա միջավայրին։ Այդ հարկերի շնորհիվ էլ կֆինանսավորվի անձավաբուժությունը։

Այս պահին կենտրոնում աշխատում է տասնվեց հոգի։ Տնօրենի խոսքով՝ պետական ֆինանսավորումից զրկվելով՝ շատ ծանր կացության առաջ են կանգնում, բայց պետք է ամեն ձեւով պայքարեն, որ կենտրոնը չփակվի։ Ոսկանյանը կարծում է, որ պացիենտների մեծ մասն Անձավաբուժական կենտրոնում բուժվելու հնարավորությունից կարող է զրկվել, քանի որ իրենց մոտ վճարներն այնքան էլ մատչելի չեն: Թանկ վճարների պատճառը կենտրոնը պահելու համար ծախսվող փողն է, որը քիչ չէ։

Ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում ընդունված չէ, որ պետությունը սուբսիդավորի այլընտրանքային բուժման մեթոդները։ Զարգացած երկրներում նմանատիպ հիմնարկներն աշխատում են ինքնաֆինանսավորմամբ կամ ապահովագրված պացիենտների հաշվին։ Սա, Ոսկանյանի կարծիքով, Հայաստանում չի կարող իրականանալ, քանի որ չունենք ապահովագրություն ու ուրիշ այլ միջոցներ, որոնք կֆինանսավորեն սոցիալապես անապահով շրջանի բուժումը։

Հանրապետական անձավաբուժական կենտրոնը խնդրի առնչությամբ դիմել է Առողջապահության նախարարություն, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարություն, որտեղից նամակն ուղարկել են նորից Առողջապահության նախարարություն։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ կենտրոնն իրականացնում է այլընտրանքային, այլ ոչ թե ապացուցողական բժշկություն, իսկ պետությունն այդ տեսակ բժշկության համար չի ֆինանսավորում։

Մեր հարցմանը պատասխանելով էլ՝ նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին հետեւյալը. «Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով, եւ նախատեսվում է այն կիրառել բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետեւաբար չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *