Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, թե երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու համար, այս կազմով Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։
Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է՝ լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը։
Այս քննարկումների ֆոնին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» ու «Հանրաքվեի» մասին օրենքներում։
Հովակիմյանը, մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։
Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։
Նախատեսվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու իրավակարգավորումները սահմանված են Սահմանադրության 15-րդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն» գլխով: Ըստ այդմ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու երկու ճանապարհ է սահմանվում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Սահմանադրության տասնհինգերորդ գլխում, Հովակիմյանի ներկայացմամբ, չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:
Պատգամավորի պնդմամբ՝ միայն փաստը, որ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ի՝ սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները՝ առանց ՍԴ-ի լիազորության իրացման չեն կարող տեղի ունենալ:
Բացի այս՝ Հովակիմյանը նշել է, որ Սահմանադրության համաձայն` ՍԴ-ն գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում․ «Որպեսզի ՍԴ լիազորության իրացումը լիներ պարտադիր, ՍԴ դիմող սուբյեկտի համար պետք է սահմանվեր դիմումի պարտադիրության պայման կամ Սահմանադրական դատարանի կողմից դրական ակտի բացակայության հետեւանք, ինչպես դա առկա է նույն լիազորության իրավակարգավորման շրջանակներին վերաբերվող մնացած դեպքերում»: