Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը կիրականացվի անվճար

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի առաջինից երրորդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կստանան անվճար բուժում ստանալ «Տրաստուզումաբ» թանկարժեք դեղով:

«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:

«Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող մարդիկ հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում:

Դա համարվում է շատ թանկարժեք դեղամիջոց, ու մինչև հիմա շատ կանայք չեն կարողացել լիակատար բուժում ստանալ այս դեղամիջոցի թանկ լինելու պատճառով: 1-3-րդ փուլերում նոր հայտնաբերված դեպքերի համար պետությունն իր վրա է վերցնում այս դեղամիջոցի ձեռք բերման ծախսերն ու անվճար տրամադրում է մարդկանց»,-ասաց Գյոկչյանը:

Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։

Երկու հազար քսան թվականի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *