Ահա, թե ում է նվիրել իր ոսկե մեդալը Արթուր Ալեքսանյանը․․․

«Ես չեմ տեսել, հետո են ինձ ասել, սակայն կարեւոր չէ, որ մեջքով են դարձել: Ճիշտ է, դրոշը չեն տեսել, սակայն հիմնը լսել են: Կարեւորը իմ հակառակորդը՝ թուրքը, ավելի շատ հայկական հիմնն է լսել, քան թուրքականը»,- ասաց Ալեքսանյանը:

Եվրոպայի 2020 թ. առաջնությունում Արթուր Ալեքսանյանի հաղթանակից հետո թուրք ըմբիշ Իլդեմ Չենկը, որը մրցաշարն ավարտել էր բրոնզով, պարգեւատրման արարողության ժամանակ կանգնած է եղել հայ մարզիկի կողքին, բայց լուսանկարվելիս մի կողմ է քաշվել: Փոխել է տեղը մյուս բրոնզեմեդալակրի՝ ռուս Ալեքսանդր Գոլովինի հետ, որպեսզի լուսանկարում Ալեքսանյանի կողքին չլինի:

Հաջորդ խանդիրն ավելի թեթեւ, սակայն էական շեշտադրում ուներ. որտե՞ղ է Արթուր Ալեքսանյանի՝ Եվրոպայի առաջնությունում նվաճած հինգերորդ ոսկե մեդալը: Գյումրեցի ըմբիշն ասաց՝ իր մոտ չէ: «Կարեն Գիլոյանի մոտ է: Խոսք էի տվել, դրա համար եմ տվել»,- լրագրողներին բացատրեց մարզիկը:

Մարզական մեկնաբանն ու հունահռոմեական ոճի ըմբիշն այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել 2012 թվականին: Այդ տարի Ալեքսանյանն 1-ին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ խոստացել, որ 5-րդ ոսկե մեդալը Գիլոյանինն է լինելու: 2020-ին Արթուրը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն եւ կատարեց իր խոսոտւմը:

Վերադարձնելո՞ւ է մեդալը Գիլոյանը, թե՝ ոչ: Ալեքսանյանը չգիտեր: «Հիմա այն Գիլոյանի մոտ է, տեսնենք հետո ինչ կլինի, Գիլոյանից է կախված»,- կատակեց գյումրեցի ըմբիշը:

Ի դեպ, սա մարզական մեկնաբանի եւ մարզիկի միմյանց խոստումներ տալու առաջին դեպքը չէ: 2008 թվականին Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Հայաստանն Օլիմպիական չեմպիոն ունենա: 2016-ի չեմպիոնն Արթուր Ալեքսանյանն էր: Հենց նա էլ Օլիմպիական խաղերից հետո սափրեց Կարեն Գիլոյանի գլուխը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *