Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որոշ կայքեր երեկվանից շրջանառում են տեղեկություն, թե Էջմիածնի դպրոցներից մեկում պահակը տարօրինակ ձայներ է լսել, անվտանգության աշխատակիցներն էլ շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում արձանագրել են ուրվականի զբոսանք դպրոցի միջանցքով, դրանից այնուհետև հաստատությունում դեպքի հետ կապված եկեղեցական արարողություն է արվել, քանի որ ենթադրում են՝ ուրվականն այդ տարածքում վաղուց կյանքից հեռացած մի երեխայի թափառող հոգին է:

Պարզվեց՝ խոսքն Էջմիածնի «Էօրնեկյան» դպրոցի մասին է: Իրականում, ինչպես «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց տնօրեն Սուսաննա Վարդանյանը, այս դպրոցում պահակ չկա, տեսագրության մեջ ակնհայտ լուսավոր կետը տեսախցիկի առաջ պտտվող բզեզ է, դպրոցում էլ տեսագրության մեջ լուսավոր բիծը դեպք չի որակվել, որ դրա հետ կապված որևիցէ արարողություն կազմակերպվեր: «Իսկ համացանցում տարածված տեսանյութն աննյութ հոդվածագրի աննյութ հոդված է՝ ավելորդ հետաքրքրություն ստեղծելու համար»,- նկատեց Սուսաննա Վարդանյանը:

«Սա ընդամենը մի բզեզի պատմություն է, որ, համացանցում տարածվելով, դարձավ մի կաթիլ մեղրի պատմություն: Մեր դպրոցում պահակ չկա. հիմար-հիմար գրել էին, որ պահակն է հրավիրել անվտանգություն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տեսագրության մեջ այդպիսի պատկերն ստացվել է դպրոցում տեղադրված ինֆրակարմիր լույսի ներքո:

Տեսագրության մեջ ներկա այս դրվագի վրա հենց հաջորդ օրն ուշադրություն են դարձրել դպրոցի անվտանգության աշխատակիցները: Նրանք քննարկում են հրավիրել. եթե պարզվեր՝ երևացողը շենք մտած մարդ է, համապատասխան քայլեր ձեռնարկեին: Հրավիրել են նույնպես տեխնիկական աշխատողներին՝ հասկանալու համար, թե ինչ է երևում: «Տեխնիկական պատասխանատուն միանգամից արձանագրել է՝ միջատ է, որ անընդհատ պտտվում է այդ տեսախցիկի առաջ»,- նշեց տնօրենը:

Ո՞վ է տարածել տեսագրությունը հարցին՝ Սուսաննա Վարդանյանը միանշանակ պատասխան չուներ, քանի որ բացահայտորեն տեսագրությունը դիտել և քննարկել են շատերը. «Ես մտածում եմ, որ դա նկարել են անվտանգության աշխատակիցները: Հնարավոր է՝ նրանցից մեկին դա հետաքրքիր է թվացել, նկարել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, հենց իրենք էլ տարածել են, և համացանցում բզեզի արտացոլանքը դարձել է վերելակի դռան վրա երևացող ուրվական:

Տեսանյութը տարածող կայքերի լրագրողների դիտարկմանը, որ նախկինում այդ տարածքում փայտե տներ կային, դրանք հրդեհվել են, ու «ուրվականը երեխաներից մեկի հոգին է»՝ Վարդանյանն արձագանքեց հումորով. «Մոտիկ սեփական տների բնակիչները երևի ժողովրդական բանահյուսությամբ ապրող մարդիկ են, բանահյուսության ժանրից բաներ են պատմել»:

Տեսանյութի մասին զրույցներն ազդե՞լ են դպրոցի սաների հաճախումների վրա: Տնօրենը միանշանակ բացառում է. «Դա որևէ քննարկման առիթ չի դարձել, ծնողներն էլ, երեխաներն էլ միայն հումորով են վերաբերվում նման խոսակցություններին: Միայն վերջին օրերին, երբ քննարկումներն ակտիվացան, ավագ դասարանների աշակերտներն առաջարկեցին հակադարձել, հերքել համացանցում տարածվող տեսանյութի ներքո դրվող մեկնաբանությունները:

Ես ասել եմ՝ բացարձակ իմաստ չունի, ում հետաքրքիր է, թող ինքն էլ փնտրի, գտնի ուրվականին, մեզ դա հետաքրքիր չէ: Դրա հետ կապված որևիցէ եկեղեցական արարողություն նույնպես չի եղել. դա էլ հորինվածքներից մեկն է»,- ասեց նա՝ հիշեցնելով, որ դպրոցը եկեղեցու հովանու ներքո է գործում, այստեղ պարբերաբար բազմաթիվ արարողություններ լինում են, բայց «տեխնիկական ուրվականի» հետ կապված՝ ոչինչ չեն ձեռնարկել:

Հիշեցնենք, որ ուրվականների նկատմամբ հավատը հատուկ է անիմիզմի և նախնիների պաշտամունքի տարրեր ունեցող կրոնական համակարգերին, ու ոգիների պաշտամունքի որոշ դրսևորումներ (օրինակ՝ հելոուինը) այսօր էլ պահպանվում են քրիստոնեություն ընդունած եվրոպական ժողովուրդների մեջ: Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ մարմնակերպ ոգիներ՝ թափառող ուրվականներ, որ բարի են կամ չար, հույս են տալիս կամ վախեցնում, չկան. աննյութական տեսիլները, պատրանքները չարի փոքրիկ հնարքն են, որոնց նկատմամբ հավատը՝ սնահավատությունը, մարդու հոգում գրավում է իրական՝ Աստծու հանդեպ հավատի տիրույթը:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *