Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիտեցի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Russia 24 պետական հեռուստաալիքին։
Ռուս լրագրողը հարցնում է՝ ո՞րն է ռուսերենի տեղը Հայաստանում։ Միանգամից շեշտում է՝ սա կարևոր հարց է երկու պետությունների «ընդհանուր ապագայի» կառուցման տեսանկյունից։
Ի պատիվ նախագահի, պետք է նշել՝ նա պատվով դուրս եկավ ռուսական ծուղակից։ Արմեն Սարգսյանը նրբանկատորեն ուղղեց լրագրողի հարցը, ինքը սեղանին դնելով Ռուսաստանում հայոց լեզվի տեղի հարցը։
Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում 3 միլիոն հայ է բնակվում, որոնք պետք է հնարավորություն ստանան օգտագործել իրենց լեզուն, ունենալ սեփական դպրոցներ ու այլն։
Սա ինքնիշխանության ամրապնդման փոքրիկ, սակայն հաստատուն դրսևորում է՝ նախագահի ձեռքով։
Ռուսները սովոր չեն Հայաստանի Հանրապետության ղեկավարներից ճիշտ ու համարձակ խոսք լսել, սակայն պետք է վերջ ի վերջո սովորեն։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի գործող նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և խոշոր բիզնեսմեն է։ ՀՀ վարչապետ 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականից)։