«Մշակույթը ինչպես որ եղել է ցավալի վիճակում, այդպես էլ կա, իսկ մեր երկրում կատարված փոփոխությունները ռադիկալ են ու հուսադրող, սակայն հիմա չենք հասել մշակույթին»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ ավելացնելով, որ մենք չունեինք ազգանպաստ ծրագիր, ազգային ռազմավարություն:
«Մեզ ազգային ծրագիր է պետք՝ հիմնված մշակույթի վրա»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կրթությունը կարևոր է, ու կրթության հիմքում հենց մշակույթն է:
«Ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք, ինքնամաքրվենք՝ փորձելով մոտենալ տասը պատվիրաններին»,- ընդգծեց դերասանը: Նա նույնպես ավելացրեց, որ մեր ազգային արժեքները վերաիմաստավորելու կարիք կա. «Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, ու դրան հենվելով՝ նայենք աշխարհին ու մեր ունեցածով մտնենք աշխարհ»:
Ապրիլի 5-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, շատերն այստեղ հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանման միտում են տեսնում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ալեքսանդր Խաչատրյանը նշեց.
«Ես չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ, իսկ հասարակությանը գունազատել «սևի ու սպիտակի», ծայրահեղության մեջ ընկնել է, մենք բազում գույներ ունենք: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, այնուհետև եթե Սահմանադրությունը մեր դեմքն է, Սահմանադրական դատարանն էլ մեր խիղճն է երևի, ու մենք պիտի որոշենք՝ մենք խիղճ ունենք, թե ոչ, ու եթե ունենք ինչպես է արտահայտվում ու ինչպիսին է մեր խիղճը: Ես, անշուշտ, համամիտ եմ, որ փոփոխություն կատարվի, որ Սահմանադրությունն էլ ունենա այս հեղափոխության ոգին, ու հնարավոր լինի իրագործել այն իդեան, որի համար ոտքի ելավ ամբողջ ազգը»:
Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.