«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող և չեմ ուզում, միայն իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, որ այդքան էլ ճիշտ չեմ համարում նման դեբատների մասնակցելը, որովհետև Իլհամ Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում
Նրա ամբողջ խոսքը կառուցված էր կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա, ես այդ պանելային քննարկման ժամանակ այդպես էլ Ադրբեջանի ղեկավարից իրականությանը համապատասխանող մի բառ չլսեցի, կառուցողական ոչ մի մոտեցում չտեսա, ուստի չգիտեմ՝ մյուս անգամ պե՞տք է նրա հետ այդ դաշտ մտնել, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումներին ու բանակցություններին, ապա դրանք, իհարկե, պետք են, կարևոր են, սակայն մյուս կողմից, ըստ էության, այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում՝ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում.
Առաջընթաց՝ մեծ հաշվով, չենք ունենում, ոչ մի նոր քայլ դրանց չի հաջորդում, հետևաբար գտնում եմ, որ անիմաստ է այդ բանակցություններից լուրջ ակնկալիքներ ունենալը, համենայնդեպս, մինչ այսօր դրական տեղաշարժ չենք տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին։
Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները ոչ ավելին են, քան «հանդիպումներ են հանդիպելու համար»։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.