ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Այս կնոջ նամակը ցնցել է Նիկոլին․ ՇՏԱՊ

Այսօր առավոտյան ստորեւ ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետեւյալ գրությամբ.

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու նպատակով, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում:
1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն հարցերը, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն եւ սկսել կարգավորման գործընթացը:
2. Ոստիկանության պետի Ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել ողջ մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային ու վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ ու վատ աշխատողներին ազատել աշխատանքից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ ու թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից:
4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների մասին, կազմել համապատասխան օրակարգ ու այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ խնդիրները լուծելու գործընթացը:
5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետեւել սույն հանձնարարականի կատարման ընթացքին:

Սիրելի հայրենակիցներ, ստորեւ ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ:
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան,
Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով:
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, ով փոքր հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք 2 դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում:

Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում:
Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999 թ.-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրեցի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը:
Իմ փորձությունն սկսվեց Ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում:

Հարցն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ որովհետև նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ քսան տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում:

Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարեւանությամբ գործող ՔԿԱԳ:
Այնտեղ գտնվող կինը, ով առնվազն վերջին քսան տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են:

Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն չորս ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ և ով կարող էր օգնել ինձ:
Օվիրում ինձ ասացին, որ ցավոք չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց հինգ ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ չորրորդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ:

1-ին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի եւ օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան 1 ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում:
Ինձնից հինգ ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և լոկ 1 անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ:

Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար եւ անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին:
Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչու՞ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց հինգ ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար:
Այն քիչ բանը, որ գիտեմ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա իհարկե մերժել է:

Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին:
Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա:

Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, որոնք պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին օրինակ մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում:
Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել:

Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն բարդ մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք:

Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը:

Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝ ողջ ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը զանազան են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք 1-ին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *