Փետրվարի 22-ին Վատիկանը ընդունեց ամոթալի և ցինիկ որոշումներից մեկը ողջ քրիստոնեական աշխարհի համար…
Ինչպես տեղյակ ենք, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Վատիկանում պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, որը բարձր պարգև է համարվում ու շնորհվում է Հռոմի պապի կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին ու պետական գործիչներին…
Շքանշանն Ալիևային հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինին, գրում է infoteka24.ru-ն…
Այս որոշման ցինիզմը կայանում է նրանում, որ Վատիկանի պետական քարտուղարության համաձայն, Ալիևային այդպիսի բարձր պարգև է շնորհվել «մշակույթի առաջխաղացման գործում նրա ունեցած աշխատանքի ու ներդրման համար, այդ թվում՝ Սուրբ Աթոռի ինստիտուտների հետ համագործակցության գործում»…
Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը հիմնվել է 1847թ., շնորհվում է հասարակության ու հոգևոր կյանքի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Իսկ ի՞նչ ներդրում ունի եկեղեցու առաջ Ադրբեջանի առաջին տիկինը…
Այս որոշման համար կա երկու տարբերակ; Կամ Վատիկանը լիովին տեղյակ չէ Ադրբեջանում տիրող իրավիճակից ու նրա կրոնական քաղաքականությունից, կամ էլ Բաքվի «խավիարային դիվանագիտությունը» հասել է կաթոլիկ աշխարհի կենտրոնին…
Առաջին տարբերակը քիչ հավանական է թվում, որովհետև Վատիկանը պետք է քաջատեղյակ լինի, թե ինչպես են քրիստոնեական բոլոր հուշարձանները` եկեղեցիներ, խաչքարեր, անգամ խաչերով գերեզմանաքարեր, որոնք վկայում են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հայկական ներկայության մասին, ոչնչացվում Ադրբեջանում…
Մասնավորապես, առավել կարևոր դեպքերից է Ջուլֆայի խաչքարերի ամբողջական ոչնչացումը…
Վանդալիզմի այս գործողությունը ուղղված է ոչ միայն հայերի ու քրիստոնեության դեմ, այլ համաշխարհային մշակույթի դեմ, որովհետև հնագույն խաչքարերը համաշխարհային մշակութային ու պատմական ժառանգություն են համարվում…
Դժվար է պատկերացնել, որ Վատիկանը, որը ղեկավարում է համաշխարհային պատմության գաղտնի արխիվները, չգիտի Ադրբեջանի տարածքից քրիստոնեական հետքը ջնջելու Բաքվի ձգտումների մասին…
Սա հաշվի առնելով, երկրորդ տարբերակը ամենահավանականն է թվում: Հատկապես, հաշվի առնելով վերջին տեղեկությունները, որ քրեական գործեր են հարուցվել Եվրախորհրդարանի մի շարք նախկին ու ներկա անդամների դեմ ՝ Բաքվից կաշառք վերցնելու մեղադրանքով՝ նրա օգտին որոշումներ կայացնելու համար…
Անշուշտ, անհավատալի է, որ փողը այդքան հիմնավոր դեր է խաղում եկեղեցու սպասավորների համար, և անհնար է որևէ մեկին մեղադրել առանց ապացույցների, այնուամենայնիվ, Վատիկանը պետք է հաշվի առնի, որ այդպիսի ամոթալի որոշումները մարդկանց մեջ սպանում են եկեղեցու ու նրանց հանդեպ հավատը…