Արա Բաբլոյանի գնահատականը՝ Արսեն Թորոսյանի աշխատանքին

Արսեն Թորոսյանի աշխատանքի մասին փորձեցինք մասնագիտական մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանից։ Նրա խոսքով՝ Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, լավ է պատկերացնում իր անելիքները, սակայն մի խնդիր ունի՝ պետք է դիվանագիտորեն մոտենա խնդիրներին։

«Ես շատ անգամներ իմ տեսակետը ասել եմ, որ նախ ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը, լինելով հանրային առողջության մասնագետ, լավ պատկերացնում է իր անելիքները։

Սակայն եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերջերս վեճեր են առաջացել՝ կապված նոր պետպատվերի ընդլայնումների հետ, ես կարող եմ, որ չմտնեմ ուրիշ դաշտ, պարզապես մանկության առումով նկարագրել այս իրավիճակը։

Դուք գիտեք, որ այժմ երեխաների բուժումը՝ մինչ 18 տարեկան, դարձավ անվճար։ Մի կողմից դա, անշումտ, շատ դրական երեւույթ է, քանի որ մենք տարիներ շարունակ քայլ առ քայլ գնում էինք, որ պետք է դրան հասնեինք, ու վերջապես կառավարությունն այդ որոշումն ընդունեց։

Մյուս կողմից էլ, անշուշտ, այն որոշակի տարակարծությունները, որ կային հիվանդանոցային աշխատողների, այդ թվում ու ինձ մոտ, որ թեև ավելի ճիշտ էր եղած ծառայությունների գները վերանայվեին, այնուհետև այդ քայլին գնալ, սակայն միեւնույն ժամանակ պարզ էր, որ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, երբ տարվա կեսից նախարարին, փաստորեն, տրվեց հնարավորություն 20 միլիարդի հավելյալ ծրագիր ներդնել։

Եվ հստակ է, որ նախարարը պետք է կարողանար որոշել առաջնահերթությունները, որտեղ ներդնել այդ ռեսուրսը»,- նշեց Արա Բաբլոյանը։

Արսեն Թորոսյանն այսօր գնում է զուգահեռաբար երկու գործընթաց իրականացնելու ճանապարհով. «Մի կողմից, անվճար բժշկության հնարավորություն տալով՝ ինքը կարողանում է ուսումնասիրել, թե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ինչքան դիմողների թիվ է ավելանում, որ ճիշտ պատկերացնի ծավալը, մյուս կողմից՝ այդ ծավալը ճիշտ պատկերացնելով՝ արդեն այդ զուգահեռ հաշվարկած գները կիմանա ինչպես ներդնել այդ ծավալի մեջ։ Սա պրոցես է, որը դինամիկայում պետք է աշխատվի, ու չի կարող կարճ ժամանակահատվածում մի բան որոշվի, իրականացվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *