Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը և կազմակերպել էր Տեքստիլագործների թաղամասում քսանութամյա ընկերոջ կողմից ծեծելով կյանքից զրկված քառասուներկուամյա Մարինեի հուղարկավորությունն, այսօր «Շիրակ» գերեզմանատանը, պատասխանելով լրագրողների հարցերին․ ասաց․
«Գյումրին ավանդույթներ ունեցող, ավանդապաշտ քաղաք է, մանավանդ ընտանիքի հետ կապված։ Ճիշտն ասած, այս դեպքը կարծես թե հարիր չէ մեր քաղաքին: Ասենք Ավետիսյաններինը հասկանալի էր, ինչ-որ զինծառայող էր, կամ 2-րդ դեպքը՝ կապված մեր հավաքարարի ցավալի կորստի հետ․․․
Իսկ այս դեպքը ցնցեց քաղաքը, մենք պետք է բռնությունը դատապարտենք, և այսօր ԱԺ-ում ընդունվում է օրենք, որով բռնությունը դատապարտվելու է, որևէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրել։ Տեսնելով մեր անցած ճանապարհը, մեր ընտանիքները՝ հասկանում ենք, որ այդ ավանդապաշտությունը հենց այն էական գործոնն է, ամեն ինչ պետք է լինի հենց այդ սահմաններում և այդ սահմաններից պետք չէ դուրս գալ։
Որպես քաղաքապետ՝ դատապարտում եմ նման դեպքերը»,- ասաց քաղաքապետը։ Հարցին՝ ըստ ձեզ հուղարկավորությանը ինչո՞ւ հարազատներից ոչ մեկը չկա, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ինձ համար նույնպես զարմանալի է, քանի որ բավական բարեկամներ ունեն, երևի ավանդապաշտության շրջանակներում, դեպքի հետ կապված ինչ-որ տեղ խուսափեցին մասնակցել։
Իհարկե, մենք հավուր պատշաճի արեցինք ինչ-որ պետք էր, ըստ ավանդույթի, որը մեր պարտականությունն էր։ Ճիշտն ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու չմասնակցեցին, երևի ավանդապաշտության համաձայն, որը շատ կարևոր է մեր Գյումրի քաղաքում»։
Ծեծի ենթարկված տասներկուամյա աղջկա խնամակալության հետ կապված էլ Գյումրու քաղաքապետն ասաց, որ հիմա իրենք գործընթացը դադարեցրել են, թեև շատերն են ուզում տեր կանգնել երեխային։ Կյանքից զրկված կնոջ որդին սեպտեմբերին կդառնա չափահաս, իսկ աղջկա հարցում չեն շտապում։
«Երեխան գիտակցության է եկել, հորքուրին է ուզել, մենք փորձում ենք հորքուրին համոզել, որ տեր կանգնի երեխային։ Հոգաբարձուների խորհրդից խոսել են հորաքրոջ հետ, ասել է՝ կգնամ երեխային տեսության, սակայն դեռ չի գնացել։ Մենք տրանսպորտ կտրամադրենք, հանձնաժողովի անդամների հետ թող գնան, տեսնեն երեխային»,- ասաց Սամվել Բալասանյանը։