ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց մարտի 11-ին Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ժամանակ։
«Ստեփանավանում մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Աձնուհետև, երբ սկսեց խոսել, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։
Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդը և իր ընտանիքի կարիքները հոգա, ուրիշ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այդ տեսանյութից անց մտածում է, թե արդյոք այդ տղայի հետ խոսակցության մեջ ինչ-որ սխալ բան է ասել։ «Ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել և չնշել իր առողջական վիճակի մասին։ Հիմա ներողություն եմ խնդրում Մեխակից և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,- ասաց վարչապետը։
Մարտի 7-ին Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի ու կուրթանցի երիտասարդի զրույցը ոչ միանշանակ էր ընդունվել հասարակության կողմից: Մի մասը նրա արձագանքը կոշտ էր համարել, մյուս մասը՝ դրանում մոտիվացնող երանգ էր նկատել: Այս թեմայով քննարկումները սոցիալական ցանցերում չէին դադարում արդեն մի քանի օր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է կասեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու դատարանի 6 անդամների պաշտոնավարումը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը սկսվել է փետրվարի 17-ին:
Տեսանյութը՝ ստորև