Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը ևս արձագանքել է Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցմանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում պատկան մարմիններին կոչ է արել, որ կորոնավիուրսի տարածմանը կանվելու ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար պետք է 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը ու դպրոցներում և ԲՈՒՀ–երում դասերը։
Նշենք, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:
Նախարարը ասել է, որ վարակակիրը տղամարդ է: Նա վարակվել է Եվրոպայում: Բժիշկներն առողջական վիճակը այժմ գնահատում են կայուն, հայտնում է Ermenihaber-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել:
Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Թուրքիա վերադարձող բոլոր քաղաքացիներին հորդորել են 14 օր ինքնամեկուսանալ:
Նա ասել է, որ չնայած Թուրքիայի բոլոր հարևան երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այնուամենայնիվ, Թուրքիային «հաջողվել է» այդ ընթացքում խուսափել վարակից:
Առաջին դեպքի արձանագրումից այնուհետև հանրության շրջանում պանիկա է առաջացել։