Նախկին ռեժիմը փորձում է դիրքավորվել Արցախում և հակագրոհ սկսել. Հայությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը։ Ինչո՞վ է սա պայմանավորված և ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու։

Ամերիկան պետական էգոիզմի քաղաքականություն է վարում, և այս քայլն էլ դրա շրջանակներում է, Հայաստանի հետ կապ չունի։ Ըստ էության, ԱՄՆ-ը միակ երկիրն էր, որ այսքան ժամանակ պետական մակարդակով օգնություն էր ցույց տալիս Արցախին։ Նաև միակ երկիրն էր, որ 907-րդ բանաձև ուներ, որը վերաբերում էր Արցախին։ Հիմա Ամերիկան նոր դոկտին է որդեգրել, երբ իրենք զբաղվում են բացառապես արևմտյան կիսագնդով և շատ աշխույժ չեն աշխարհի ուրիշ տարածքներում։ Թրամփը, ըստ էության, դա է անում՝ փակում է սահմանները, խստացնում է ներգաղթը և այլն։ Այսինքն այստեղ խնդիրը ԱՄՆ-ի ռազմավարության փոփոխությունն է, անցումը մեկուսացման քաղաքականության։

Ինչ վերաբերում է Արցախի օգնությունը դադարեցնելուն, դա ինձ շատ չի անհանգստացնում, քանի որ առանձնապես մեծ գումար չի տվել։ Իհարկե, շատ էական էր Ամերիկայի օգնությունն այդ ճանապարհով, սակայն միաժամանակ տեսեք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կոնգրեսում։ Այսինքն, հայկական կողմի համար քաղաքականությունը հավասարակշռվում է։ Մտահոգողը առկա իրավիճակն է, որ համառորեն փորձում են Արցախում իշխանությունները վերարտադրվել։ Եթե վերարտադրվեցին, ապա հայ ժողովրդի դեմ ուղղված Սերժ-Ռոբերտ հակամարտությունը պետք է վերածեն Հայաստանի և Արցախի միջև հակամարտության։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են միջամտել և թույլ չտալ նման հակադրություն։ Մնացած հատվածով ով ցանկանում է, թող ընտրվի։ Սերժառոբերտական ռեժիմը չպետք է վերարտադրվի գաղտնի, թե բացահայտ։

ԱՄՆ կառավարության որոշման հետ կապված Ադրբեջանում ոգևորություն է տիրում։ Դե պարզ է, որ հիմա ամեն մեկն իր քարոզչական խնդիրներն է լուծում, բայց տվյալ պարագայում կարևորը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Սա արմատական քայլ էր։ Իսկ Արցախին օգնությունը դադարեցնելու որոշումը պետք է հստակ բացատրվի իմքնամեկուսացման քաղաքականությամբ։ Տեսեք, մինչև կորոնավիրուսը նման խնդիր չկար, քանի որ ամերիկացիները սահմանափակ ձևով էլի իրենց աշխարհի խնդիրների մեջ էին տեսնում։ Սա չի նշանակում, որ հիմա ամբողջովին դուրս են գալիս այդ շրջանակներից, բայց հիմա աշխարհում թևածում է պետական էգոիզմը, և ամեն մի ժողովուրդ հավաքվում է սեփական վերմակի տակ, և ոչ մեկի պետքը չէ, թե մյուսի հետ ինչ է տեղի ունենում։

Մեր ժողովուրդը, որ դարավոր խնդիր ունի հյուսիսի հետ կապված, պետք է իմանա, որ այդ հյուսիսը դեպի անկում է գնում, չի օգնել ու չի էլ օգնելու մեզ։ Դրա համար Արցախի օգնության դադարեցումը չպետք է սրտին մոտ ընդունել, փոխարենը պետք է ամեն կերպ թույլ չտալ Արցախում նախկինների վերարտադրություն։ Դրա համար հայկական 2 պետությունների մոդեռնացում պետք է իրականացվի։ Այսօր ժամանակակից պետության ստեղծումը դառնում է դժվար հարց։ Այսօր ունենք փաստ, որ ամեն ինչ մասնավորեցված է, և պետությունը ոչ մի վերահսկողություն չունի տնտեսության նկատմամբ։ Շատ բան կախված է օլիգարխների կամքից ու քմահաճույքից, դրա համար առաջարկել եմ, առիթից օգտվելով՝ 3 նախագահների ունեցվածքը պետք է ստուգվի և ապօրինի մասն ազգայնացվի։

Պետք է ազգայնացվեն բանկերը, հանքերը, որ կարողանանք այս բարդ ժամանակն անցնենք, քանի որ ոչ ոք չգիտի, թե սրա ելքն ինչ է լինելու։ Ոչ մի պետություն այսօր մյուսին օգնելու տրամադրություն չունի։ Տեսեք, Իրանը խնդրեց մի փոքր թուլացնել պատժամիջոցներն այս իրավիճակում, բայց ոչ մեկը դրան չի արձագանքել։ Իտալիայի պես երկիրը վարի է գնում, և Եվրոպան բախտի քմահաճույքին է թողել իտալացիներին։ Ուզում եմ ասել որ 1-ին դերակատար են դառնում ազգ-պետությունները, որոնց գլխավոր բնավորությունը ազգային էգոիզմն է։ Այս պայմաններում թույլ չի կարելի տալ, որ Արցախում կեղծիքներով ընտրություններ լինեն, ընտրակաշառք լինի, պետությունը պետք է միջամտի և չթողի նախկիններին վերարտադրվել։

Հայությունը լուրջ պրոբլեմի առաջ է կանգնած Արցախում, քանի որ նախորդ ռեժիմը, որ ամբողջությամբ տապալված չէ Հայաստանում, դիրքավորվելու է Արցախում և հակագրոհ սկսի։ Իսկ այդ դեպքում Ռուսաստանի միջամտությունը կլինի վայրկյանական։ Լավ բանի համար իրենք չկան, սակայն վատի համար անպայման կանեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է նեյնիմները թողնեն՝ դեմոկրատիա, Սահմանադրություն, սա թույլատրվում է, նա չի թույլատրվում, պետք է ապահովեն ժողովրդավարական ընտրություն Արցախում՝ նախկին ռեժիմը մերժելով։ Հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի այսօրվա իշխանությունների վրա։ Ակնհայտ երևում է, որ Արցախում նրանք դիրքավորվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *