ՇՏԱՊ! Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնшվիրnւս․ ՊՆ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի

Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք կատարել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որ զինծառայողները զերծ մնան վարակից:

Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, որովհետև զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում 3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն:

3 զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը լավ է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:

Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս երեսուներկու զինծառայողից կատարվել է նմուշառում:

Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության վերաբերյալ:

Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են չորս անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին հինգ անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ տասը անգամ, ատիպիկ ընթացքով և կյանքից հեռացման ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել: Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *