Մեր զրուցակիցն է Չինաստանում ապրող մեր հայրենակից Արմենուհի Ղազարյանը
Չինաստանը հայտարարել է, որ հաղթահարել է կորոնավիրուսի տարածման պիկը։ Չինաստանի փորձով ի՞նչ պետք է անեն մյուս երկրները, ո՞րն էր Չինաստանի՝ այս պանդեմիան հաղթահարելու գաղտնիքը։
Կարծում եմ՝ Չիաստանում հաջողության գաղտնիքը նրանում է, որ ամեն բան մոբիլիզացված և համակարգված էր։ Մեկ ամսից ավել մենք իրավունք ունեինք դուրս գալու տնից զուտ երեք օրը մեկ անգամ՝ առևտուր անելու նպատակով։
Ինչպես այժմ Հայաստանում, այնպես էլ Չինաստանում լրացվում էր թերթիկ, սակայն թերթիկը տրվում էր համայնքապետարանի գործառույթ իրականացնող կառույցի կողմից, ու ամեն անգամ համայնքից դուրս գալուց համայնքի պահակներն էին նշում թերթիկի վրա, որ դու դուրս ես գալիս։
Ուրիշ համայնքներ ուղղակի չէր թույլատրվում գնալ։ Այնուհետև ներմուծվեց կոդերի համակարգը. յուրաքանչյուր քաղաքացի հեռախոսային հավելվածի միջոցով ձեռք է բերում կոդ՝ կանաչ, դեղին, կամ կարմիր։ Եթե կոդը կանաչ է, քաղաքացին կարող էր դուրս գալ համայնքից առանց սահմանափակման։
Կանաչ կոդը նշանակում է, որ քաղաքացին տվյալ քաղաքից դուրս չի եկել վերջին տասնչորս օրերի ընթացքում, ու նրա առողջական վիճակը լավ է։ Կարմիր կոդ ունեցող անձինք իրավունք չունեն տնից դուրս գալու քաղաք մտնելուց անց տասնչորս օրվա ընթացքում։
Քանի որ այստեղ մարդիկ օգտագործում են հավելվածներ գրեթե բոլոր տեսակի գործարքների համար՝ առևտուր, տաքսիներ, և այլն, շատ հեշտ է լինում պարզել, թե տվյալ անձը երբ ու ուր է գնացել, ում հետ է շփվել։
Ավելին՝ կառավարության կողմից պրոպագանդան ուղղված էր ազգովի վիրուսի տարածմանը կանխելուն։ Բարձրախոսներով անընդմեջ ասվում էր տանը մնալ, երբ կարելի էր դուրս գալ, և այլն։
Բոլոր սոցիալական ցանցերում քննարկվում էր կառավարության խորհուրդներին հետևելու կարևորությունը։ Կրթական հաստատություններն ամեն օր հարցնում էին իրենց աշխատողներին առողջական վիճակի մասին։ Իմ շրջապատում բոլորը հետևում էին օրենքներին ու խրախուսում մյուսներին։
Անցե՞լ է մադկանց մոտ խուճապը։ Կյանքը վերադարձե՞լ է բնականոն հունի։
Մեր մարզում և հատկապես մեր քաղաքում այժմ ամեն բան գրեթե նորմալ է։ Բացի դպրոցներից և այլ ուսումնական հաստատություններից, բոլոր այլ աշխատատեղերը բաց են, այգիները, թանգարանները, ժամանցային վայրերը հասանելի են հասարակությանը։
Խուճապ անգամ ամենավտանգավոր շրջանում չեմ զգացել։ Մարդիկ ուղղակի հանգիստ հետևում էին կառավարության խորհրդին և մնում տանը։ Այնուամենայնիվ, դեռ պարտադիր է դիմակ կրելը, եթե փակ տարածքում ես, ուր ամբոխը մեծ է։