«Գոռաց հեռու մնա, չհասկացա, թե ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

«Գոռաց հեռու մնա, չհասկացա, թե ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

News.am-ը գրում է․ Երեւանի բնակիչ քսաներեքամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին տասնչորս օրով մեկուսացրել են:

NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ քսան օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել, վթարի է ականատես եղել ու օգնություն է ցուցաբերել վիրավորին:

«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա, թե ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր:

Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ քառասուն տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը:

Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու:

«Հիմա գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ, տասնչորս օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- ավելացրեց նա։ Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն:

Արմենին առողջություն ենք մաղթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *