Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից մեկի հարցին.
«Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին: Ինչքան պետք է սպասենք, թե որ «ձեռներեց» բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի նրանց չակերտավոր բարերարությունը դիտվում է որպես օգնություն»:
Ի պատասխան վարչապետը նշեց. «Կարևորելով բարեգործությունը, նշեմ, որ վերջերս մի այսպիսի վարժություն եմ արել: Իքս մարդը իքս օգնություն էր բաժանել իքս տեղում և սրա վերաբերյալ լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվում: Ես խնդրեցի ճշտել, թե կոնկրետ ինչ և ինչ գնի է բաժանվել:
Պարզեցինք, որ բաժանված մի տոպրակի պարունակության գինը երեք հազար դրամ է եղել: Երբ որ բաժանված տոպրակները հաշվեցինք, մոտավորապես եղավ 350-400 հազար դրամի օգնություն: Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի ու գովազդի րոպեների հետ, որի համար չի վճարվել, ստացվեց, որ այս ձևով հեռուստագովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ ավելի էժան է ստացվում: Այս երևույթն իսկապես պետք է գնահատական ստանա:
Այսինքն, գովազդի գնից պակաս աջակցություն է բաժանվում եւ հեռարձակվում որպես գովազդ: Ստացվում է, որ սա շատ ձեռնտու իրողություն է, որն իրականում ոչ թե բարեգործություն է, այլ սեփական գովազդ: Քանի որ սովորական գովազդ պատրաստելու և հրապարակելու համար ավելի շատ գումար կօգտագործվեր»:
Տեսանյութը դիտեք ստորև՝