«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ապրիլի տասնչորսին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ հազար հարյուր անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջեւանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»:
Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի չորրորդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ-որ մարդիկ հարձակվել են իր վրա ու հանել ապրանքի մի մասը շենքից:
Ավելի ուշ պարզվել է, որ Պաշտպանության նախարարության ծառայող Գեղամ Սարուխանյանը ու Գարիկ Պետրոսյանը եւ եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել: Համաձայնեք` արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար»: