ՈՒՇԱԳՐԱՎ։ Հանրայինում ինձ ստիպեցին հանել այդ կադրերը․․․ Ինչ է պատմում Հ1-ի լրագրողը Պետրոս Ղազարյանի և Մարգարիտա Գրիգորյանի մասին

Hraparak.am-ը գրում է․

Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը անդրադարձել է Հ1-ում իր աշխատանքի ժամանակահատվածին․ «Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն եւ կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը:

Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից: Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, սակայն այժմ պատրաստվում եմ հերթով ներկայացնել բազում դրվագներ այս մարդկանց գործելաոճից: Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել.

քաղաքական հետապնդում պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երևույթների դեմ: Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության վերաբերյալ պատմող իմ ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, որովհետև կար քաղաքական նման հրահանգ:

Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ: Այս մասին հետո կխոսեմ: Հիմա պարզապես ցանկանում էի ասել, որ տիկին Գրիգորյան և պարոն Ղազարյան, դուք ստացել եք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռևս ամբողջովին մաքրված չէ: Պիտի հեռացվեն նաև բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»,- գրել է Առաքելյանը։

Նշենք, որ Հանրայինի ղեկավարության և լրագրողի միջև հակասությունների մասին մեզ հայտնի էր դեռևս ամիսներ առաջ։ Մենք տեղեկացել էինք, որ Ղազարյանը պարբերաբար վիճաբանություններ է ունենում լրագրողի հետ, նրան «ներկայացնում» Մարգարիտա Գրիգորյանին, բայց լրագրողը կարողանում է պաշտպանել ինքն իրեն ու ապացուցել իր ճշմարտացիությունը։

Մենք ուզում էինք հրապարակում անել այդ մասին, դիմել էինք նաև Պետրոս Ղազարյանին այս հարցով, բայց նա հերքել էր, որ կան նման տարաձայնություններ: Ինքը՝ Հասմիկ Առաքելյանն էլ էր դեմ, որ իր մասին որեւէ հրապարակում անենք, ուստի մենք ձեռնպահ մնացինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *