Առավոտից տեղս չեմ գտնում, ոչ մի խոսք չի կարող ինձ օգնել․․․ Աննա Դոլաթյան
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել՝
«Առավոտից տեղս չեմ գտնում, երևի թե ինչպես շատերը… խոսքս վերաբերվում է պապիկին, ով ուզեցել էր ընդամենը իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Անկեղծ ասած, խոսքեր չունեմ, ոչ մի խոսք չի կարող ինձ օգնել արտահայտել այն, ինչ զգում եմ, սիրտս միայն ցավում է… Տեսանյութը դիտելուց հետո, անմիջապես զանգահարեցի ամուսնուս, որ գնա պապիկի ետևից, մի բան անի, նրա կողքին լինի, որովհետև տարեց մարդու հանդեպ հարգանքը լրիվ վերացել է։
Մտածում եք, այդքան արդա՞ր գտնվեցիք, մի մարդու հանդեպ, ով մի ամբողջ ժողովրդի սրտից էր խոսում, ում սրտում ու հոգում մի մեծ ցավ էր ապրում, ում կարող էինք իրական հայրենասեր անվանել, մենք շատ փոքր մարդ ենք նրա դիմաց։ Դուք պետք է ձեռքերի վրա տանեիք այդ ՄԱՐԴՈւՆ, ի՞նչ է այդ մի դեպքով էր որոշվելու այս դրության զարգացումը։
Թասիբով մարդը չնայելով իր աշխատանքի կորստին, միևնույնն է թույլ կտար, ու պապիկի ձեռքից բռնած կուղեկցեր հուշահամալիր։ Կարևորը Աստծուն հաճելի լիներ ձեր արարքը։
Ամենավատն այն է, որ ամուսնուս հետ խոսելիս, վստահ էի, որ այդպես էլ արել են, սակայն երբ տեսազանգով նա զանգեց, որ իմ աչքով տեսնեմ ու հանգստանա սիրտս, ես շոկ ապրեցի՝ տեսնելով նրա հետ պապիկին՝ ձեռքին արդեն թառամած ծաղիկները։
Այդպես էլ նրան առավոտից չթողեցին։ Միակ միջոցը նրա ցավը մեղմելու համար այն էր, որ արհեստական հուշահամալիրը դարձավ պապիկի հոգու հանգստացման միջոց։ Թող Աստված երկար կյանք տա պապիկին…»։