«Ինձ կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա». Նիկոլ Փաշինյանի նվերը՝ Կուրթանեցի Մեխակին

Հիշեցնենք, որ Մեխակ Առաքելյանը Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել՝ օգնել տուն ունենալու հարցում:

Վարչապետը հանդիմանել էր՝ նկատելով, որ առողջ տղամարդն ինքը պետք է իր ընտանիքի խնդիրը լուծի: Մինչդեռ Մեխակը չէր հասցրել ասել, որ առողջ չի ու անգամ ողնաշարի լուրջ խնդիրներով գյուղում ուրիշների հողն է մշակում՝ հացի խնդիրը լուծելու համար:

Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մեխակը. «Դե, Սիփան Փաշինյանը էկավ, տունը տվել են, գրանցել են իմ վրա: Էլի Կուրթանում ա, մեր տնից երևի 200-300 մետր վերև, 2 հարկանի տուն ա»: Նա հայտնեց, որ մնացել են փաստաթղթային վերջնական ձևակերպումները.

«Ինձ ու վարչական ղեկավարին կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա, սակայն պիտի կադաստր էլ գնացվի, թե ինչ՝ չգիտեմ»: Մեխակի ոգևորություն անսահման էր, այնքան ուրախ էր կատարվածով, որ շտապեց տան լուսանկարներն ուղարկել.

վերջապես ընտանիքը դուրս կգա թիթեղապատ ու փայտաշեն տնակից: «Արդեն նոր տա՞նն եք»՝ հարցրինք Մեխակին: «Որ գնացինք Երևան, ասավ՝ Մեխակ ջան, մի քսան օր կսպասեք, կգամ, բացումը կանենք, արդեն կմտնեք մեջը:

Ասում են՝ էս երկու օրը պիտի գա, թե հմի բացումը կանի, թե հմի՝ ոնց, ինչ, չգիտեմ»,- պատասխանեց Մեխակը: Նրա առողջական վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ. «Պառկեցի տասը օր, սակայն գիշերները ցավ եմ ունենում շատ գեշ, ողնաշարիս ցավեր եմ ունենում»:

Կուրթան համայնքի ղեկավար Նարեկ Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է տան գնորդը, նա ասաց. «Տեղյակ չեմ մանրամասներից, թե գնորդն ով է»: 168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Մեխակի պատմությանը: Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *