Lragir.am-ի հարցերին պատասխանել է հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը
Պարոն Մանասյան, վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի օրական թվերն աճել են, սակայն չնայած դրան կառավարությունը մայիսի 4-ից չեղյալ է անում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները: Արդյոք ճիշտ քայլ է սա:
Ես կարծում եմ՝ սխալ էր սահմանափակումներ մտցնելը: Փորձը ցույց տվեց, որ ոչինչ հիմնահատակ չփոխվեց Սահմանափակում մտցնելուց, պրոբլեմը շարունակում է մնալ: Եվ պրոբլեմի լուծումը ոչ թե դրանից խուսափելն է, այլ դա կառավարելը: Կառավարիչները կլինեն լավը, կլինի լավ կառավարում, կառավարիչները կլինեն անպետք և ապաշնորհ` կլինի վատ կառավարում:
Իսկ դա կստուգենք կյանքից հեռացության քանակով: Եթե շատ-շատ մարդիկ կյանքից հեռացան, այսինքն՝ օրական մի քանի տասնյակ, դա վատ է:
Հիմա Հայաստանում օրական միջինում 15 մարդ է կյանքից հեռանում քաղցկեղից: Դա վատ կառավարման հետևանք է, բայց այդ հարցը ոչ ոքի այսօր չի հուզում: Բոլորը հետաքրքրված են կորոնավիրուսով:
Եթե օրական 15 մարդ կյանքից հեռանա կորոնավիրուսից, դա կլինի վատ կառավարում, չենք ունենա՝ կլինի լավ կառավարում: Այս քայլով ոչ թե պետք է թույլ տալ, որ խնդիրը տարածվի, այլ սա այսօրվա դրությամբ առանց պատվաստանյութի և առանց դեղերի միակ խելամիտ քայլն է՝ իմունիզացված բարիերներով խնդիրը սանձել: Ուրիշ տարբերակ բժշկագիտությունը չունի, բացի իմունիզացված բարիերով խնդիրը լուծելը:
Այսինքն՝ մարդիկ սենց թե Նենց պետք է վարակվե՞ն:
Այո, մարդիկ այսպես թե այնպես պետք է հիվանդանային, կանխատեսումների Համաձայն՝ մեկ տարի և ավելի ժամանակահատվածում: Այսօր հնարավորություն կա այդ ժամկետները կրճատել, մի քանի ամսում պրծնել այս հարցից, գոնե այս հարցի օրհասական զարգացումներից պրծնել:
Հետագայում էլ կլինեն դեպքեր, Սակայն օրհասական զարգացումներից ազատվելու համար պետք է մտնել այդ խնդրի մեջ: Եթե մարդիկ չեն ուզում, որ շատ կորուստներ գրանցվեն, պետք է տարեցներից և խրոնիկ հիվանդություններ ունեցողներից հեռու մնան: Տարեցներն ու խրոնիկ հիվանդներն էլ պետք է գնան ինքնամեկուսացման:
Եթե վաղը գրանցվեն շատ կորուստներ, նշանակում է տարեցներին և խրոնիկ հիվանդներին ոչ կառավարությունը կարողացավ բան բացատրել, ոչ էլ իրենց երեխեքն ուզեցին խնայել, գնացին ու անխնա ջարդ արեցին: Եվ ոչ ոք թող վաղը մյուսին չմեղադրի, եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Գրագետ պաշտպանվելու ժամանակ պետք չէ, որ բոլորը փակվեն տներում ու դուրս չգան:
Պետք է տներում փակվեն մարդիկ, ում մոտ կյանքից հեռանալու տոկոսը բարձր է:
Որքանո՞վ է հուսալի խնդիրը թողնել մարդկանց պատասխանատվության դաշտում, մասնավորապես, որ վարչապետն էլ հայտարարեց, որ եթե ծանր ու առանձնապես ծանր դեպքերի թիվն ավելանա, առողջապահական համակարգը միաժամանակ կարողանալու է սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք:
Այդ 1500 կամ 2000 ծանր հիվանդը մեկ օրում չի լինում: Դրանից առաջ լինում է ծանր 500 դեպք: Այդ ծանր 500 դեպքը կարող են սպասարկել: Սակայն այսօր իրենք ի՞նչ են անում, թեթև հիվանդներին տուն ուղարկելու փոխարեն տանում հոսպիտալացնում են, պետական բյուջեի հաշվին կերակրում, իբր թե բուժում են: Սակայն դրան զուգահեռ մեկ ուրիշը հոսանքի ու գազի փող չունի, գալիս անջատում են:
Չհասկացա, այդ թեթև հիվանդը, որ պետք է ցավազրկող խմեր ընդամենը, այդքան կարևոր է, իսկ այն ընտանիքը, որը զրկվեց հոսանքից, էակա՞ն չէ: Դու բյուջեի գումարը տանում տալիս ես առողջ մարդուն, ով ընդամենը վիրուսակիր է: Այդ քայլի արդարությունը և խելամտությունը որտե՞ղ է:
Ասացիք՝ օրական Հայաստանում քաղցկեղից 15 մարդ է կյանքից հեռանում: Կարծես կենտրոնացել են կորոնավիրուսի արդյունքով կյանքից հեռանալը կանխարգելելու հարցի վրա, սակայն տարիներ շարունակ ծանր հիվանդությունները կանխարգելող ծրագրեր չեն եղել Հայաստանում: Ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը:
Քաղցկեղից այսօր օրական գրանցվող կյանքից հեռացման դեպքերը հնարավոր է կանխարգելել, եթե ոչ ամբողջ ծավալով, գոնե զգալի չափով: Սակայն այն ժամանակ, երբ իրենց այդ մասին հարցնում էինք, ասում էին՝ փող չկա, պետության բյուջեն ու հնարավորությունները չեն ներում: Սակայն պետությունը կարող էր ինչ-որ զրկանքներ կրել, գումարներ գտնել՝ իր քաղաքացիների կյանքը փրկելու համար:
Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ այսօր այդ մարդիկ չեն մտահոգվում քաղցկեղից կյանքից հեռացողների համար, սակայն խիստ մտահոգվում են կորոնավիրուսով պրակտիկորեն առողջ դեպքերի համար: Պատճառն այն է, որ տեղեկատվական քարոզն և մեդիան այդպիսի հիպնոզի է ենթարկել մարդկանց:
Կյանքից հեռանալը՝ կյանքից հեռանալ է, ի՞նչ տարբերություն, եթե դուք իրոք սրտացավ եք մարդկային կյանքեր փրկելու համար, ուրեմն եկեք մարդկային կյանքեր փրկենք բոլոր հիվանդություններից: Այնպես չէ, որ այդ վարակը հիմա կա, ևս 100 տարի լինելու է, բայց քաղցկեղը 100 տարի լինելու է:
Այսինքն՝ եթե ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ծրագիր իրականացվի, կյանքից հեռանալու թվերն էական կնվազե՞ն:
Իհակե, ու միայն թվերը չեն իջնելու, ծախսերն են իջնելու, արդյունավետությունն է բարձրանալու: Հայաստանում երրորդ-չորրորդ փուլում են հայտնաբերում քաղցկեղը, ահռելի թվեր են ծախսում այդ խնդիրը լուծելու համար: Իսկ կանխարգելման պարագայում մինիմալ ծախսերով կստանանք 100 տոկոս լավացում: Եվ սա այսօր թողել են և կորոնավիրուսով են զբաղված:
Սխալ էր սահմանափակումներ մտցնելը. Վարակը կառավարելու ելքն այլ տեղ է