«Ահա, թե ինչն է խանգարում Միքայել Մինասյանին իրականացնել իր երազանքը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ի՞նչն է խանգարում Միքայել Միանսյանին իրականացնել իր երազանքը՝ «ծառայել հայ ժողովրդին»: Նա «ազնվորեն», ինչպես ինքն է ասում, հայտարարում է, որ իր խիղճը մաքուր է՝ «չի գողացել, չի թալանել, ձեռքը չի մտցրել Հայաստանի բյուջեի մեջ»: Պարզապես, ինչպես հանրությունն է կարծում, լինելով պետական պաշտոնյա, բյուջեն ինքն է եկել մտել նրա ձեռքը:

Ոչ, դա կոռուպցիա չէ, դա օլիգարխիա չէ, Հայաստանի նման երկրներում պետական բյուջեներն այդպիսի խասիաթ ունեն՝ պետական պաշտոնյաներին հնարավորություն տալ հանրային ռեսուրսներից առավելագույնս օգտվել ու պետական բյուջեի ձևավորումից առավելագույնս անտեսանելի գտնվել:

Նա, հավանաբար, չէր կարող դիմադրել պետական բյուջեի խասիաթին: Հիմա նա ամեն ինչ ունի՝ միջազգային և մասնավոր կառույցների գայթակղիչ աշխատանքային առաջարկներ, փող, անշարժ գույք, եկամտաբեր գործունեություն ու, ինչպես ինքն է ասում, կարող է «երջանիկ և հանգիստ կյանք ունենալ»: Նա չի ցանկանում, ինչպես ինքն է ասում՝ «ղեկավարել, իշխել, լիդեր լինել», նա, ինչպես ինքն է ասում, հասկանում է,

որ Հայաստանը կառավարելը «խաչ» կրել է նշանակում (լավ է՝ չի ասում «փշե պսակ», լավ է․ որ չի ասում «խաչն ու փշե պսակը Գողգոթա բարձրացնել», շնորհակալություն, որ չի ասում «խնկարկենք Հայաստանում կառավարում իրականացրածներին՝ խաչ կրած իշխանություններին»), նա, ինչպես ինքն է ասում, ունի իր «դրդապատճառը»՝ ծառայել հայ ժողովրդին: Ծառայել իր կապերով, իր փորձով, գիտելիքով:

Քանի որ պարոն Միքայել Մինասյանը, ինչպես ինքն ասաց, ազնիվ հաղորդումների շարք է սկսում, թերևս կարող է անդրադառնալ նաև հարցերի, թե ինչպես — Ի՞նչ էր իր արածը 2008-2018թթ. ընթացքում՝ ծառայությո՞ւն հայ ժողովրդին, Հայաստանին, — Եթե այն ծառայություն էր Հայաստանին, հայ ժողովրդին, հենց նո՞ւյն ծառայությունն է ուզում շարունակել, թե՞ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, — Այդ 10 տարիներին Հայաստանին, հայ ժողովոդին ծառայելու ընթացքում ինքն

անձամբ ի՞նչ է շահել՝ փորձ, կապեր, հայաստանյան և միջազգային ռեսուրսներ, նյութական ռեսուրսներ, և, իր գնահատականով, ով է ում պարտք մնացել՝ ի՞նքը հայ ժողովրդին, Հայաստանին, թե՞ հայ ժողովուրդը, Հայաստանը՝ իրեն, կամ, գուցե, պարտք ու պահանջը մոռանանք ու գնահատենք ժողովրդին ծառայելու երջանկության ինքնաբավարարման հնարավորությամբ,

Ինչպե՞ս է գնահատում այդ տարիների իր ծառայության արդյունավետությունը, որքա՞ն շահեց հայ ժողովուրդն իր ծառայությունից, և որքա՞ն շահեց ինքն անձամբ, — Ինչպե՞ս է գնահատում այդ տասը տարիների Հայաստանի իշխանության կառավարման որակը պարոն Միքայել Մինասյանը, այդ որակն իրեն ավելի շատ խանագարե՞լ, թե՞ օգնել է հայ ժողովրդին ծառայել: Այլ կերպ ասած, եթե ինքը «չի գողացել, չի թալանել, ձեռքը չի մտցրել Հայաստանի բյուջեի մեջ», պետական համակարգի իր գործընկերների մասի՞ն էլ կարող է նույնը ասել՝ «չեն գողացել, չեն թալանել, ձեռքը չեն մտցրել Հայաստանի բյուջեի մեջ»,

«Հայ ժողովրդին ծառայելու դրդապատճառը» խանգարո՞ւմ է իրեն հանգիստ ու երջանիկ ապրել, և եթե այո՝ — Ի՞նչ է նշանակում ծառայել հայ ժողովրդին, և ինչո՞ւ հիմա չի ծառայում: Ի՞նչն է նրան խանգարում հիմա ծառայել կամ, իր տրամաբանությամբ՝ շարունակել ծառայել: «Հայ ժողովրդին ծառայելու» միայն մե՞կ միջոց կա՝ առավելագույնս մոտ լինել հայկական և հայաստանյան քաղաքական, հասարակական, նյութական ռեսուրսներին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *