Ինչպես վկայում են մի շարք տեսագրություններ եւ լուսանկարներ, 2008թ. մարտին, մինչև արտակարգ դրություն հայտարարվելը, Երևանի տարբեր մասերում տեղակայված են եղել Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով բեռնատարներ: Տեղեկություններ կան նաև, որ զինված ուժերի մեծ մասը Երևան է բերվել դեռ փետրվարյան բողոքի ակցիաների ընթացքում:
Մասնավորապես, ՊՆ մի շարք սպաներ փետրվարից մինչև մարտի արյունալի դեպքերի ավարտը մնացել են նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում՝ ՊՆ պաշտպանամարզատեխնիկական ակումբում: Ի դեպ՝ ակումբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հարցազրույցներից մեկում նշեց, որ զինվորականները ՊՆ-ից հրաման են ունեցել: «ԴՕՍԱԱՖ-ը միշտ էլ բանակի կողքին է կանգնած եղել, և հետո՝ էն ժամանակ ո՞վ էր թուղթ ներկայացնում. այդ սպաները եկան առանց թղթի, առանց ստորագրության և ասացին, որ պետք է ինձ մոտ մնան: Միայն փոխանցեցին,
որ Պաշտպանության նախարարությունից հրաման ունեն՝ այստեղ գալու: Ես էլ ցանկանում էի ինչ-որ կերպ օգնել նրանց»,- մանրամասնում է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ճշտող հարցին, թե տեղյակ չէ՞ր արդյոք սպաների քայլերի ու նպատակների մասին, Կոմանդոսը պատասխանեց. «Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչ մի բան չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում: Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս: Ես միայն գիտեի, որ այդ ժամանակ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար: Ես այժմ եմ հասկանում, թե նրանց ինձ մոտ թողնելով, ինչ սխալ քայլ եմ արել»:
Իսկ բացի սեփական զենքերից, այլ զենքեր ևս իրենց հետ բերե՞լ էին սպաները, թե՞ ոչ, Կոմանդոսը վստահեցրեց, որ ոչ. «Ես չեմ տեսել այլ բան. իրենց անկողինն էր ու զենքերը միայն»:
Արկադի Տեր-Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու և միևնույն ժամանակ պաշտոնավարելու մասով, բայց Կոմանդոսը զերծ մնաց կարծիք հայտնելուց, որովհետև «ոչ ոքի հետ կապ չունի և հեռու է նման բաներից»: