ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։ Պետությունը կօգնի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում

Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։

2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ Նպատակային ծրագրերն են. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու նպատակով, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։

2020 թվականին նախատեսվում է. միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել երեք հարյուր շահառուի։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ այս ծրագիրը ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրերից մեկն է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ բնակարանի ձեռք բերման ամենաէական պայմաններից մեկը վերաբերում է 2020 թվականի հուլիսի մեկից հետո ձեռք բերվող գույքին,

և առավելագույն գինը պետք է երեսուն միլիոն դրամ լինի: «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի արժեքի առնվազն տասը տոկոսն է և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում անշարժ գույքի 7,5 տոկոս»,-ասաց նա:

 

Վարչապետը հարցրեց, թե արդյոք ստացվում է, որ կանխավճարը ամբողջությամբ տալիս են, Տիգրան Ավինյանը ասաց, որ ոչ ամբողջությամբ, այլ տալիս են կանխավճարի հիսուն տոկոսը և մարզերի առումով ապահովագրությունից օգտվելու հնարավորություն ևս տրվում է: Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք զնիծառայողների ծրագրերին դա վերաբերելու է և եթե ընտանիքները ունենան երկրորդ, երրորդ, չորրորդ երեխան, գումարները մարվելուն են:

Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս երեխաներ ունենալու»: Ինչ վերաբերում է սահմանված ամսաթվին, որը վերաբերում է ծրագրերից մեկին, նա նշեց, որ ցանկացած ամսաթիվ սահմանելու դեպքում էլ խնդիրներ են առաջանալու, թե ինչու այդ ամսաթիվը:

«Հիմա ովքեր մինչև հուլիսի մեկը երեխա են ունեցել, ոչինչ չի խանգարում հուլիսի մեկից հետո էլ երեխա ունենալ»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ այս ծրագրում ոչ մի գումար չեն խնայի: «Շատ լավ, դրական ծրագիր է, շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար»,-ասաց նա և նախագիծը միաձայն ընդունվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *