Մարդկանց տանում են խելագարության. հրեշավոր հետեւանքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարը ՄԱԿ ներկայացված զեկույցում նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կա մարդկանց հոգեկան առողջության վնասի կտրուկ վտանգ: Ըստ զեկույցի, անընդհատ կորուստներով շրջապատված,

միաժամանակ սոցիալական, տնտեսական բարդությունների առաջ կանգնած մարդիկ հայտնվում են հոգեկան, հոգեբանական բարդ վիճակում: Ամենաուշագրավը թերեւս այն է, որ այդ մասին խոսում է մի կազմակերպության ներկայացուցիչ, որի մյուս ղեկավարները գործնականում իրենց էական լուման են ներդրել եւ շարունակում են ներդնել մարդկանց խելագարության հասցնելու, մարդկանց նկատմամբ փաստացի հոգեբանական փորձարկումներ անելու հարցում:

Բառացիորեն նախօրեին ԱՀԿ մի պաշտոնյա հայտարարեց, որ կորոնավիրուսը կարող է եւ չանհետանալ, ինչպես ՁԻԱՀ-ը, եւ մարդիկ ապրեն պարբերական վարակի ու տնտեսական ճգնաժամի, վարակի եւ ճգնաժամի պայմաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տապալելով իր բուն առաքելությունը՝ մարդկությանն առողջապահական վտանգի վերաբերյալ օպերատիվ ահազանգելն ու կանխարգելիչ քայլեր հորդորելը, երբ վարակը դեռ Չինաստանում էր, գործնականում ձեռնամուխ է եղել մարդկանց հանդեպ հոգեբանական տեռորի:

Ահա այդ պայմաններում, նույն կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարի զեկույցը, թե կորոնավիրուսի վարակը աշխարհին սպառնում է հոգեկան հիվանդությունների կտրուկ աճով, վերածվում է պարզապես մարդկության հանդեպ ծաղրի: Կազմակերպություն, որը նպաստել է մարդկանց հոգեբանական վիճակը խեղող ինֆոդեմիայի սնուցմանը, հիմա խոսում է հոգեկան առողջությանը սպառնացող վտանգի մասին:

Կամ, այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ներսում առկա է էական բախում՝ աշխարհին փաստացի պարտադրված մեթոդաբանության եւ ինֆոդեմիայի խնդրում, որը գործնականում արդյունավետ չի լուծել համավարակի կանխարգելման ու պայքարի հարցը, փոխարենը կաթվածահար է արել համաշխարհային տնտեսությունն ու մարդկանց հասցրել գրեթե խելագարության:

Չի բացառվում, որ ԱՀԿ ներսում լրջորեն հասունացել է այդ ամենի համար պատասխանատվության ռիսկը: Համենայն դեպս, ավելի է ընդլայնվում պետությունների ու կազմակերպությունների շղթան, որոնք բարձրացնում են ստեղծված դրության համար ԱՀԿ ղեկավարության պատասխանատվությունը, հայտնելով փաստացի հանցավոր անգործության կասկած:

Ընդ որում, պետք է հստակեցնել, որ դա կասկած չէ վարակի առկայության առնչությամբ: Կասկած է այդ վարակին արձագանքի, դրա արդյունավետության, օպերատիվության եւ դրա դեմ պայքարի հանձնարարականների համարժեքության կամ անհամարժեքության կապակցությամբ, երբ գուցե հնարավոր էր ապահովել պայքարի այնպիսի ընթացք, որի պարագայում ինֆոդեմիան չգերազանցեր պանդեմիային՝ նաեւ իր հեռահար հետեւանքով, որի մասին սկսել են խոսել ԱՀԿ այլ պաշտոնյաներ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *