Գուցե ասածս տարօրինակ թվա, սակայն կասեմ հետևյալը՝ Այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կորոնավիրուսի պատճառով չէ. ՀՀ Նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական կայքին հարցազրույց է տվել։ «Ես հիմա կասեմ մի բան, որը, միգուցե, ձեզ տարօրինակ թվա. այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, կարծում եմ՝ կորոնավիրուսի պատճառով չէ։ Համավարակը ոչ թե պատճառն է, այլ` փոփոխված աշխարհի արդյունքը։ Տասնամյակներ անընդմեջ աշխարհն

արագորեն փոխվում էր, եւ այն հիմա միանգամայն այլ է։ Մեր կյանքի մեծ մասն անցնում է վիրտուալ տարածքում։ Մենք անգամ պատշաճ չէինք էլ նկատել, որ մեր կյանքը փոխվել է։ Խորհելով այս երեւույթի մասին՝ ես եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհն էլ դասական չէ։ Ես այս նոր աշխարհն անվանում եմ քվանտային։ Այս նոր աշխարհում շատ բաներ դասական չեն։ Վերլուծություններս ներկայացրել եմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային

վարքագիծը» իմ գրքում, ու համաճարակներն այդ ռիսկերից մեկն են։ Օրինակ՝ եթե վարակն առաջանում է Չինաստանում, անհրաժեշտ չէ, որ այն տարածվի միանգամից Ռուսաստանում կամ Մոնղոլիայում: Այն կարող է տարածվել Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կամ աշխարհի ցանկացած ուրիշ վայրում։ Եվ շատ դժվար է վերահսկել վարակի տարածումը, քանզի մենք գործ ունենք քվանտային վարքագծի հետ։ Ուստի, նկատի ունենալով նաեւ մարդկային փոխկապակցվածությունն,

այս վարակն արագորեն տարածվում է ողջ աշխարհով մեկ։ Քվանտային վարքագիծը հատուկ է ոչ միայն համավարակներին։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում ֆոնդային բորսաներում, ինչպիսին է կառավարությունների արձագանքը։ Ուստի իմ ուղերձը հետեւյալն է. այս վիրուսը հետեւանքն է այն բանի, որ մենք անգամ չէինք էլ գիտակցում, որ ապրում ենք միանգամայն ուրիշ՝

քվանտային աշխարհում։ Այս վարակը նոր է, ու, հույս ունենանք, կկարողանանք հաղթահարել այն․ կարեւորն ուժեղ իմունային համակարգ ունենալն է։ Սակայն դա չի նշանակում, թե հետագայում այլ վարակներ ի հայտ չեն գա»: Հարցին, թե ի՞նչ պիտի անել վարակի տարածումը կանխելու համար, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ի՞նչ պիտի մենք անենք։ Նախ եւ առաջ, պետք է նշել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է։ Տարբեր

պետություններում իրավիճակը տարբեր է։ Կան պետություններ, որտեղ իրավիճակը վերահսկելի է, բայց որոշ երկրներում էլ այն աղետի է վերածվել։ Եվ էական չէ, թե դու որտեղ ես։ Օրինակ՝ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, անգամ Մեծ Բրիտանիայում մեծ դժվարություններ են առաջացել։ Ի՞նչ է իրականում կատարվում։ Այս համավարակը փորձություն է ամբողջ մարդկության համար։

Սա փորձություն է պետությունների, անհատների, միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական միության համար։ Վերջինս մեծ ներդրումներ է կատարել համընդհանուր տնտեսական, իրավական քաղաքականության ոլորտներում, բայց, արդյո՞ք նրանք ունեն համավարակների դեմ պայքարի միասնական քաղաքականություն։ Սա փորձություն է

նաեւ գործարարների համար, թե որքանով են նրանք լավ կառավարիչներ՝ իրենց բիզնեսը վերահսկելու պահով։ Սա նույնպես փորձառություն է ընտանեկան հարաբերությունների առումով, այն իմաստով նաեւ, թե ով է քո հարեւանը։ էական է, թե որքան քաղաքակիրթ են քո հարեւաններն, արդյոք պահպանո՞ւմ են վարակի դեմ պայքարի բոլոր կանոնները՝ լվանում են ձեռքերը,

բժշկական դիմակ են կրում։ Սա նաեւ փորձառություն է այն առումով, թե որքան պատասխանատու անհատ ես դու։ Եթե դու երիտասարդ ես ու վարակվելու պարագայում այն ավելի հեշտ կհաղթահարես, դու պիտի նաեւ պատասխանատու լինես ու հոգ տանես տարեցների մասին։ Սա փորձություն է նաեւ շրջակա

միջավայրի պահպանության առումով։ Տարիներ անընդմեջ մենք անտեսել ենք այս բնագավառի խնդիրները։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Հիմա երբ իմ տնից նայում եմ իմ քաղաքին, այն բյուրեղյա մաքրություն ունի։ Մեքենաների թիվը քչացել է, գործարանները բավարար հզորությամբ չեն աշխատում, ուստի, օդը մաքուր է։ Սա փորձություն է նաև այն առումով, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրում ֆինանսական շուկաները կամ էլ պետությունների կառավարությունները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *