Հարազատներին 100.000դրամ են առաջարկում, որ ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից. ԱՆ-ի խոսնակը խնդրել է ապացույցներ ներկայացնել

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: «Ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են հարյուր հազար դրամ,

որ ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը կյանքից հեռացել է կորոնավիրուսի պատճառով»։ Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։

Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, բայց գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել ու չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից՝ օրինակը սքրինշոթում։

Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և կորուստը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված կորուստներ ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։

Կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք օգտվում են իրավիճակից ու առիթը բաց չեն թողնում շարունակաբար վարկաբեկելու առողջապահության նախարարության կատարած աշխատանքը։ Հ.Գ Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պդնում են, որ այդ երևույթը կա մեզանում խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *